Փողոցային առևտուր քաղաքում չպետք է լինի, այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
Կարապետյանը նշել է, որ Երևանի բոլոր վարչական շրջաններում մանրածախ առևտրի կետերը՝ շուկաները առանձնացված են, դրանցից շատերը որոշ ժամանակ կհատկացվեն անվճար: Անհրաժեշտության դեպքում, ըստ Հակոբ Կարապետյանի, քաղաքապետարանը պատրաստ է նոր վայրեր առանձնացնել:
«Առևտրով զբաղվող մեր քաղաքացիները կարող են վստահ լինել, որ բոլորի համար հավասար պայմաններ են լինելու, և իրենց բիզնեսը տեղափոխությունից չի տուժելու, փոխարենը շահելու է քաղաքը: Խնդրում ենք բոլոր-բոլորի՝ լրատվամիջոցնների, գերատեսչությունների, քաղաքացիների աջակցությունը փողոցային առևտրից ազատվելու հարցում», - գրել է Կարապետյանը:
Նշենք, որ 2018-ի նոյեմբերին փողոցային առևտրով զբաղվողներն իրենց բողոքներով խումբ-խումբ գնում էին քաղաքապետարան։ Նրանք ասում էին, որ օրենք չեն խախտում ու շարունակելու են հենց փողոցում վաճառել իրենց ապրանքը: Ապօրինի առևտրի դեմ պայքարի գործողություններից դժգոհ քաղաքացիները նշում էին, որ տարիներ շարունակ այդպես են օրվա հացի փող վաստակել:
Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը և Երևանի ավագանու մի խումբ անդամներ ընդունել էին նրանց։ Քաղաքապետարանի ներկայացուցիչները հավաստիացրել էին, որ օրինականության պահպանման գերակա խնդիրը լուծելու ընթացքում հնարավորինս հաշվի են առնվելու առևտրով զբաղվող սուբյեկտների շահերը: