Թուրքմենստանի դպրոցներում փոխում են նախագահի դիմանկարները՝ նոր լուսանկարում Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ճերմակած մազերով է: Այս մասին հաղորդում է «Ազատության» թուրքմենական ծառայությունը: Աղբյուրը հայտնում է, որ նախագահի նոր դիմանկարների համար ուսուցիչների աշխատավարձերից մոտ 25-ական դոլար են պահել:
Թուրքմեն առաջնորդի նոր պաշտոնական դիմանկարը նաև վաճառքի է հանվել՝ մեծը՝ 25 դոլար, փոքրը՝ մոտ 20:
Պետական կառույցներում Թուրքմենստանի ղեկավարի դիմանկարի թարմացումը համակարգային բնույթ է կրում, սակայն իրականացվում է բյուջետային ոլորտների աշխատակիցների հաշվին:
Բերդիմուհամեդովի լուսանկարները կախված են ինչպես պետական կառույցներում` դպրոցներում, հիվանդանոցներում, նախարարություններում, այնպես էլ հանրային վայրերում՝ համերգասրահներում, սպորտային կառույցներում, օդանավակայանում, նույնիսկ օդանավերի սրահներում:
«Ազատության» թուրքմենական ծառայությունը նաև հայտնում է, որ նախագահ Բերդիմուհամեդովի դիմանկարի պղծման համար պատիժ է նախատեսված: