Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի՝ պետությանը 6 միլիոն դոլար փոխանցելու հայտարարությունը ուժի մեջ է, բայց Ղազարյանը դա չի կարող անել՝ քանի որ նրա հաշիվները կալանքի տակ են։
«Պետք է այդ գումարները կալանքից հանվի, և նախաքննությունը վարող մարմնի հետ միասին պետք է մշակվեն համապատասխան ընթացակարգեր՝ այդ ընթացակարգերով այդ գումարը փոխանցվի», - «Ազատության» հետ զրույցում այսօր հայտարարեց Ղազարյանի պաշտպան պաշտպան Արմեն Հարությունյանը:
Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Ղազարյանը դեկտեմբերի 30-ին դատարանի որոշմամբ 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց կալանքից: Նա մեկ անգամ արդեն կալանավորվել էր ամռանը, ապա 1 միլիարդ դրամ գրավով ազատ էր արձակվել։ Ղազարյանը մեղադրանքը չի ընդունում, «Ազատությանը» փոխանցեց փաստաբան Հարությունյանը: Հարցին, թե ինչպես է վճարել 50 միլիոն դրամ գրավը, փաստաբանը պատասխանեց․- «Ընկերների, հարազատների, բարեկամների համատեղ ուժերով գումարը վճարվել է»:
Վաչագան Ղազարյանը դեկտեմբերի 12-ին հանդես եկավ հայտարարությամբ իր և իր ընկերոջ անունից՝ պատրաստակամություն հայտնելով մոտ 6 միլիոն դոլար փոխանցել պետությանը: Հայտարարության մեջ նա նշել էր, որ քրեական հետապնդումն իրականացնող մարմնին ներկայացրել է իր և կնոջ բանկային հաշիվներին շուրջ 10 տարի առկա, ինչպես նաև իրենց բնակարանում խուզարկության ժամանակ առգրավված կանխիկ դրամական միջոցների ծագման աղբյուրները։ Ըստ այդմ, դրանց զգալի մասը պատկանում է Հայաստանից դուրս բնակվող Ղազարյանի գործարար, մտերիմ ընկերոջը, որի տվյալները Վաչագան Ղազարյանը, սակայն, չի հրապարակել։
Հայաստանի երրորդ նախագահի մերձավորներից Վաչագան Ղազարյանը հայտարարել է նաև, որ այդ գումարների ծագման աղբյուրները օրինական են և որի վերաբերյալ ապացույցներ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։ - «Այդ գումարները ստացվել են մինչև ապօրինի հարստացման քրեականացումը, այսինքն՝ մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը», - ասված է նրա հայտարարությունում:
Միևնույն ժամանակ, ապօրինի հարստացման մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան պաշտոնյան իր և ընկերոջ անունից հայտարարել է, որ 6 միլիոն դոլարը մտադիր է փոխանցել Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման կամ պետական այլ կարիքների համար։ «Ազատության» հարցին՝ եթե Ղազարյանը մեղադրանքը չի ընդունում, ինչու է նման մտադրություն հայտնել, նրա փաստաբանը պատասխանեց․ - «Ես այդ հարցի պատասխանը չեմ կարող տալ: Թե ինչի համար է փոխանցում, ինչ շարժառիթներով՝ ես որևէ մեկնաբանություն այս պահին չեմ կարող տալ»:
Ապօրինի հարստանալու մեջ մեղադրվող Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը մեկ այլ գործով կասկածվում է փողերի լվացման մեջ։ Նախաքննության տվյալների համաձայն, ամուսիններ Վաչագան Ղազարյանն ու Ռուզաննա Բեգլարյանը փաստացի տնօրինել են «Յանս» համալիրի գործունեությունից ստացված շահույթը և 2013 - 2018 թվականի մայիսին ընկած ժամանակահատվածում խուսափել են ավելի քան 771 մլն դրամի հարկերից։ Ըստ ՀՔԾ-ի, ամուսինները, նպատակ ունենալով թաքցնել կամ խեղաթյուրել այդ դրամական միջոցների հանցավոր ծագումը, դրանք որպես ավանդ ներդրել են հայաստանյան բանկերում և տոկոսագումարներով եկամուտներ են ստացել, ինչպես նաև նշված դրամական միջոցներով ձեռք են բերել անշարժ գույքեր, որոնք հանձնել են վարձակալության և եկամուտներ ստացել: