ԱՄՆ-ը Սիրիայից զորքը դուրս կբերի, այն ժամանակ, երբ քրդերի անձեռնմխելիության երաշխիք ստանա Թուրքիայից. Բոլթոն

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոն, արխիվ

Միացյալ Նահանգները Սիրիայից զորքը դուրս կբերի այն ժամանակ, երբ տարածաշրջանում ամերիկացիների դաշնակից քրդերի անձեռնմխելիության երաշխիք ստանա Թուրքիայից, կիրակի օրը Իսրայելում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Բոլթոնն ընդգծել է, որ Թուրքիայի ցանկացած ռազմական գործողություն Սիրիայի տարածքում պետք է համաձայնեցվի Վաշինգտոնի հետ:

Տարեվերջին Սպիտակ տան ղեկավարը հայտարարեց, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տապալված է, և ժամանակն է, որ շուրջ 2 հազար ամերիկացի զինվորները Սիրիայից տուն վերադառնան:

Դոնալդ Թրամփի անակնկալ որոշումը քննադատությունների ալիք բարձրացրեց ինչպես ընդդիմախոսների, այնպես էլ թիմակիցների շրջանում, ովքեր ԱՄՆ-ի նախագահին մեղադրում էին Սիրիայի քրդերին լքելու մեջ, որոնք տարիներ շարունակ աջակցել են միջազգային կոալիցիային ահաբեկչության դեմ պայքարում և այժմ մնացել են միայնակ՝ Թուրքիայի սպառնալիների թիրախում:

Անկարան պնդում է, որ քրդերի ներկայությունն այդ տարածաշրջանում սպառնալիք է իր անվտանգությանը: