Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան տոնը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում այսօր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ մատուցվում է Փրկչի Ծննդյան տոնին նվիրված պատարագ:

Պատարագին ներկա են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը, Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, պաշտոնատար այլ անձինք։

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, նախագահ Արմեն Սարգսյանը «վատառողջության պատճառով ներկա չէ պատարագին»:

Փրկչի Ծննդյան և Աստվածհայտնության տոնակատարությունների առաջին հիշատակությունները սկսվում են 3-րդ դարից: Արևելյան քրիստոնեական եկեղեցիները մինչև 4-րդ դարը Քրիստոսի Ծննդյան տոնը կապել են Աստվածհայտնության, այսինքն՝ Մկրտության տոնի հետ, որը նշվել է հունվարի 6-ին: Բայց 336 թվականին Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես սահմանել է Հիսուս Քրիստոսի Ծննդյան օր՝ այսպիսով հնուց ի վեր հենց այդ օրը տոնվող Միտրայի տոնակատարությունները ժողովրդի համար վերածելով նոր կրոնական իրադարձության:

451 թվականին Քաղկեդոնի ժողովը վերջնականապես դեկտեմբերի 25-ը սահմանեց Փրկչի Ծննդյան տոն: Եվ այդ ժամանակներից ի վեր միայն Հայ Առաքելական եկեղեցին է, որ շարունակում է հունվարի 6-ին նշել Ծննդյան տոնը: Իսկ Փրկչի Մկրտության տոնը, որը խորհրդանշում է Հիսուսի մկրտությունը Հորդանան գետում Հովհաննես Մկրտչի կողմից, Կաթոլիկ եկեղեցին էլ շարունակում է նշել հունվարի 6-ին: