«Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններով ընտված նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի հրավիրման օր է հայտարարվում 2019 թվականի hունվարի 14-ի երկուշաբթի օրը, ժամը 10:00», - հայտարարեց Մուկուչյանը:
Հանձնաժողովը հաստատեց պատգամավորների թեկնածուների ինքնաբացարկների դիմումները։ Թվով ամենաշատ՝ 18 ինքնաբացարկի դիմում ներկայացրել էին «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներից նրանք, ովքեր, ամենայն հավանականությամբ, կշարունակեն գործունեությունը գործադիրում:
Օրենսդիր չեն գնա վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նախարարներ՝ Սուրեն Պապիկյանը, Արայիկ Հարությունյանը, Հակոբ Արշակյանը, Էրիկ Գրիգորյան, Ֆելիքս Ցոլակյանը: Մանդատից հրաժարված են Կոտայիքի, Արարատի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Լոռու, Արագածոտնի մարզպետները: Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել նաև Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը և վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Ինքնաբացարկի դիմում են ներկայացրել Լուսավոր Հայաստանի թեկնածուներից երկուսը: ԲՀԿ-ից ոչ մի դիմում չի եղել:
«Ես ընթերցում եմ այն թեկնածուների անունները, ովքեր ներկայացրել են ինքնաբացարկի դիմումներ», - ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը․ - ««Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ինքնաբացարկի դիմումներ են ներկայացվել Նիկոլ Վովայի Փաշինյանից, Տիգրան Արմենի Ավինյանից, Արայիկ Էդուարդի Հարությունյանից, Սուրեն Ռաֆիկի Պապիկյանից, Զարուհի Վալերիանի Բաթոյանից, Էդուարդ Արթուրի Աղաջանյանից, Ռոմանոս Վաչիկի Պետրոսյանից, Դավիթ Տարոնի Սանասարյանից, Հակոբ Վրեժի Արշակյանից, Արսեն Գևորգի Թորոսյանից, Գարիկ Մնացականի Սարգսյանից, էրիկ Էմիլի Գրիգորյանից, Գնել Հենզելի Սանոսյանից, Տրդատ Նարեկի Սարգսյանից, Անդրեյ Սերժիկի Ղուկասյանից, Դավիթ Հովիկի Գևորգյանից, Նարեկ Վարուժանի Բաբայանից և Ֆելիքս Խոստեղի Ցոլակյանից: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից ինքնաբացարկի դիմում է ներկայացվել հետևյալ թեկնածուներից՝ Քրիստ Հրաչիկի Մարուքյանից և Արմեն Մերուժանի Բաղդասարյանից»:
Մինչև նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ հունվարի 10-ին նախատեսվում է ընտրված պատգամավորների մանդատների հանձման արարողությունը: Այն կանցկացվի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
«Իմ քայլը» դաշինքն Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում կստանա պատգամավորական 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։ «Իմ քայլի» չորս մանդատը կստանան Հայաստանի եզդի, ռուս, ասուրի և քուրդ ազգային փոքրամասնությունների 1-ական ներկայացուցիչները։
Ըստ Սահմանադրության, նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո Հանրապետության նախագահը անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: