Լոռիում ստացած 8 հազար քվեն ջախջախիչ պարտություն էր ՀՀԿ-ի համար

2018 թվականի ամենամեծ ինտրիգներից մեկը դարձավ 20 տարի իշխանության գլուխ կանգնած Հանրապետական կուսակցության պարտությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններում։

Չնայած կուսակցության ինքնավստահ վարքագծին «թավշյա հեղափոխության» օրերին ու նաև նախընտրական շրջանում, Հանրապետականը չհաղթահարեց ընտրությունների նվազագույն շեմն ու դարձավ արտախորհրդարանական ուժ։

Իշխանությունից զրկված Հանրապետականն ակնկալում էր գոնե որպես ընդդիմադիր ուժ լինել Ազգային ժողովում և իր ձայների հիմնական մասն ակնկալում էր ստանալ Լոռու մարզում, որտեղ ժամանակին զգալի ձայներ էր հավաքել։

Գործող խորհրդարանում կուսակցության ամենաշատ թվով ձայներ բերած պատգամավորներից ոմանք լոռեցի էին․ մոսկվաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը 2017-ին Լոռիում ավելի քան 44 հազար ձայն էր ստացել։ Մեկուկես տարի անց՝ արտահերթ ընտրություններում, մինչդեռ, չառաջադրեց իր թեկնածությունը, թեև իր հարազատ Տաշիրում և հարակից բնակավայրերում ընտրողներից շատերն ասում էին, որ այս անգամ էլ պատրաստ են բարեգործություններով հայտնի գործարարին ձայն տալ։

Ի վերջո, 1995 թվականից Ազգային ժողովի պատգամավոր, անգամ Հանրապետական խմբակցության ղեկավար, մի շարք մշտական հանձնաժողովների նախագահ, 2008-11 թվականներին նաև երկրի նախագահի աշխատակազմի ղեկավար եղած Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ չի առաջադրի իր թեկնածությունը: Ավելին, Տաշիրում ասում էին, որ իրեն չեզոք է պահում և առհասարակ չի խառնվում ընտրական գործընթացներին։

Նրա հայրը՝ 87-ամյա Սարգիս Կարապետյանը նախընտրական շրջանում «Ազատությանն» ասել էր, թե իր որդին քաղաքականությունից չի խոսում։

Հանրապետականի համար «ծանր հրետանի» հանդիսացող պատգամավորի քաղաքականությունից հեռանալուց հետո կուսակցության համար ձայներ ապահովելու ծանր բեռը մնաց ՀՀԿ խմբակցության ղեկավար, Վանաձորում մի շարք բիզնեսներ ունեցող Վահրամ Բաղդասարյանի, Ազգային ժողովի փոխնախագահ, ծնունդով ալավերդցի Էդուարդ Շարմազանովի, ինչպես նաև Լոռիում որպես մարզպետ պաշտոնավարած Արթուր Նալբանդյանի ուսերին։

Բոլորն էլ առաջադրվել էին նաև կուսակցության տարածքային ցուցակներով։

Հանրապետականները հույս էին կապում Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ։ Նա իր պաշտոնավարման 7 տարիներին, չնայած անդամագրվել էր Հանրապետական կուսակցությանն ու մինչև այսօր էլ ղեկավարում է ՀՀԿ մարզային խորհուրդը, բայց քաղաքական կյանքում տեսանելի ակտիվություն չէր ցուցաբերում, և նրան կարծես չէին նույնացնում քննադատությունների արժանացած հանրապետականի հետ։

Նալբանդյանն անգամ իր նախընտրական շտաբը ձևավորել էր ոչ թե Հանրապետականի քարոզչանյութ դարձած սև-սպիտակով, այլ կարմիր ու սպիտակ գույներով։ «Ազատությունն» արձանագրել էր նաև, որ Հանրապետականի՝ Նալբանդյանի ղեկավարած մարզային խորհրդի գրասենյակից հանվել է կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի լուսանկարը:

ՀՀԿ-ական թեկնածուներին չօգնեցին նաև համայնքապետերն ու դպրոցների տնօրենները չօգնեցին, ովքեր ներկայանում էին որպես «կարկառում հանրապետական»։

Ընտրական գործընթացներից մեկուսացվեցին նաև քրեական հեղինակությունները, որոնց դերը նախկինում մեծ է եղել Լոռու մարզում։ Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն անձամբ եկավ մարզ ու պահանջներ դրեց տեղի ոստիկանության նկատմամբ՝ բացառել «կրիմինալի ներգործությունը քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացման վրա»․ - «Կրիմինալի ներկայացուցիչ ա, չգիտեմ ինչ ներկայացուցիչ ա, իր մասնակցությունը պիտի լինի ընտրության օրը միայն ու միայն որպես Սահմանադրությամբ ամրագրված քաղաքացի, գա, ընտրի ու գնա: Որևէ կաշկանդված ոստիկան ես էս հարցով չտեսնեմ»:

Վահրամ Բաղդասարյանը հերքեց, որ իրենց աջակցում են քրեական հեղինակությունները, բայց հաստատեց, որ Լոռու մարզում իրավապահներն իրենց համակիրներին մեկուսացնում են ընտրական գործընթացից․ - «Արդեն մի քանի տասնյակ մարդու առաջարկել են լքել հանրապետությունը, այսինքն՝ մարդուն ընտրական իրավունքից զրկում են․․․ Ի՞նչ է նշանակում դա: Ես չգիտեմ ովքեր են այդ մարդիկ․․․ Այդ անունները արդեն իսկ ոստիկանությունը գիտի, նրանց հետ խոսել ենք և ասել ենք, որ մե՛ք անհանգստացնի ընտրողին և մի՛ զրկեք ընտրելու իրավունքից»:

Այս տարվա գարնանը տեղի ունեցած հեղափոխությունից հետո իրեն ընդդիմություն հռչակած Հանրապետական կուսակցությանը որևէ կերպ չաջակցեց նաև Վանաձորի հանրապետական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ով նաև կուսակցության Վանաձորի շրջանային խորհրդի նախագահն է։

Նախընտրական շրջանում նա այդպես էլ կուսակցության գրասենյակի իր աշխատասենյակում չերևաց։ Փոխարենը ակտիվ մասնակցում էր վարչապետի պաշտոնակատար, Հանրապետականի քաղաքական հակառակորդ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշաներին։

Հեղափոխության օրերին Վանաձորում տեղի ունեցած ցույցերի ժամանակ Մամիկոն Ասլանյանը հաճախակի դուրս էր գալիս քաղաքի կենտրոնական հրապարակ և ցուցարարներին հորդորում դադարեցնել բողոքի ակցիաները՝ շեշտելով, որ դրանք անիմաստ են և որ հեղափոխությունը երբեք դրական արդյունքների չի հանգեցնի․ - «Էն ա՝ ստեղ պատմաբան, կիրթ մարդիկ են. որևէ հեղափոխություն որևէ ժողովրդի համար դեռևս դրական ազդեցություն չի ունեցել։ Էսօր կառավարությունը ձևավորվում ա ԱԺ-ի միջոցով, ոչ թե էս մարդու կամ մյուսի միջոցով։ Հմի ոնց որ ես եկել եմ քաղաքապետ, դու ինձ ասես՝ էս բաժնի վարիչը ես չեմ ուզում դա ըլնի։ Ժողովուրդ ջան, մի քիչ պետական ձևի մտածեք»:

Քաղաքապետ դառնալու հարցում նախկին իշխանությունների անվերապահ աջակցությունն ստացած Մամիկոն Ասլանյանն արդեն Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո դուրս էր գալիս և հայտարարում, թե ինքը «ժողովրդի հետ է»։

Այսօր արդեն Վանաձորի քաղաքապետն անցած տարին համարում է մեծ փոփոխությունների և հույսերի տարի և հերքում, թե դեմ է եղել բողոքի ակցիաներին ու հեղափոխությանը․ - «Անցնող տարին գնահատում եմ որպես մեծ փոփոխությունների ժամանակաշրջան, որը արտածել է մեծ հույսեր, որը մենք պիտի կարողանանք մեծ պատասխանատվությամբ կրել»։

Լոռու մարզից մեծաթիվ ձայներ ակնկալող հանրապետական թեկնածուները 2018 թվականին պարտություն արձանագրեցին նաև այստեղ։ Ընտրություններում արդյունքի հասնելու բոլոր նախկին անօրինական մեթոդներից զրկված ՀՀԿ-ականները Լոռու մարզում ընդամենը 7 տոկոս՝ մոտ 8 հազար ձայն ստացան։ Ամենաշատ քվե ստացել էր նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը, ամենաքիչը՝ Էդուարդ Շարմազանովը։

Նախկին իշխանավորների նկատմամբ ընտրողների բացասական վերաբերմունքը, ամենայն հավանականությամբ, չի փոխվի գոնե մոտ ապագայում։