Սաուդյան Արաբիայում մեկնարկել են Ջամալ Հաշոգիի սպանության գործով դատական լսումները

Լրագրող Ջամալ Խաշոգջին 2012 թվականին

Սաուդյան Արաբիայում մեկնարկել են լրագրող Ջամալ Հաշոգիի (նաև՝ Խաշոգջի) սպանության գործով դատական լսումները, որին այսօր ներկա են եղել 11 մեղադրյալներն ու նրանց պաշտպանները:

Պետական մեղադրողը պահանջել է մահապատժի դատապարտել մեղադրյալներից հինգին: Սաուդական քննչական խումբը դեռևս սպասում է թուրք գործընկերների կողմից տրամադրվելիք ցուցմունքներին և ապացույցներին: Մի խումբ կասկածյալների հարցաքննությունը շարունակվում է:

The Washington Post-ի սյունակագիր Ջամալ Հաշոգին հոկտեմբերի 2-ին մտել էր Թուրքիայում իր երկրի հյուպատոսարան ու անհետացել: Միջազգային, այդ թվում՝ թուրքական որոշ աղբյուրների տվյալներով՝ Հաշոգին սպանվել է հյուպատոսարանում, իսկ նրա դին դուրս է բերվել դիվանագիտական ներկայացուցչության տարածքից և մինչ օրս չի հայտնաբերվել:

Թուրքական աղբյուրները նաև պնդում են, որ Հաշոգիի սպանությունն իրականացնելու համար Սաուդյան Արաբիայից հատուկ ծառայությունների աշխատակիցների խումբ է ժամանել, որի անդամները, մի քանի ժամ մնալով Ստամբուլում, վերադարձել են հայրենիք: Էր-Ռիյադը կտրականապես հերքում է այս մեղադրանքները: