Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդես է եկել ամանորյա ուղերձով։ Դիմելով Հայոց բանակի ծառայակից ընկերներին՝ Տոնոյանը փաստել է՝ 2018֊ին տեղի ունեցած փոփոխությունների հետևանքով երկրում ձևավորվել է նոր կառավարման համակարգ, նոր ռազմաքաղաքական ղեկավարություն, սակայն՝ «նույնն է մեր խնդիրը՝ բարձր պատրաստականությամբ ապահովել Հայաստանի ու Արցախի խաղաղությունը»:
«Ուզում եմ գիտակցեք, որ երկրում տեղի ունեցող ցանկացած իրողություն իրականում երկրորդվում, երրորդվում է անվտանգության ապահովման խնդիրներին, որոնց կենտրոնում մեր ժամանակակից բանակն է՝ արդիական սպառազինությամբ, կենսունակ և արդյունավետ նյութատեխնիկական ապահովմամբ», ֊ նշել է նախարարի պաշտոնակատարը։ ֊ «Եվ ինչպես մեր երկրում ամեն ինչ, Ամանորը նույնպես սկսվում է սահմանից ու բանակից. խաղաղ կդիմավորեք դուք նոր տարին, խաղաղ կդիմավորենք նաև մենք ազգովի, և եթե ուզում ենք տարվա ընթացքում հաջողել, դրա կարևորագույն պայմանն այն է, որ հաջողեք դուք»։