Միայնակ մայրը պնդում է, որ ոստիկաններն իր նկատմամբ անհամաչափ ուժ են կիրառել

Երեք երեխաների մայր Ռուզաննա Պողոսյանն արդեն երրորդ օրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում է:

Միայնակ մայրը պատմում է, որ դեկտեմբերի 25-ին ոստիկանները ներխուժել են Անդրանիկի 142 հասցեում գտնվող բնակարանը և, իր պնդմամբ՝ ծեծելով, հրելով դուրս հանել իրենց տանից:

Պատմության հիմքում բնակարանի հարց է: Ռուզաննա Պողոսյանի փաստաբան Սարգիս Խաչատրյանից տեղեկացանք, որ բանկը գրավի դիմաց գույքն օտարել է: Սեփականատերն այս պահին «Ֆակտոր իվեստթմենթ» կազմակերպությունն է, որին, ըստ ոստիկանության, արդեն հանձնվել է բնակարանը:

«Ոչ թե ֆիզիկական անձի, այլ կազմակերպության», - շեշտեց փաստաբանը՝ շարունակելով: - «Որն էլ դիմել է ոստիկանություն՝ փորձելով ներխուժումը կանխել: Սակայն ներխուժում չէր կարող լինել․․․ Նաև հաշվի չի առնվում ոստիկանության կողմից, որ դատական գործընթաց է գնում՝ անձը դիմել է սեփականության իրավունքի պաշտպանության: Էդ ընթացքում գործողություններ են լինում»:

Խաչատրյանը պնդում է, թե ոստիկանները գերազանցել են իրենց լիազորությունները։ Համաչափ ուժ չի կիրառվել։ Այս առիթով արդեն հաղորդում են ներկայացրել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին:

Ռուզաննա Պողոսյանը, պատմելով դեպքի մանրամասները ավելացրեց, որ իր ասթմատիկ երեխանի համար այդ պահին շտապօգնություն էր կանչել, բայց ոստիկաններն անգամ այդ հանգամանքը հաշվի չեն առել և բժիշկների ներկայությամբ երեխային անկողնուց հանել, դուրս են շպրտել:

Փաստաբանից տեղեկացանք, որ երեխաներից մեկը նույնպես ունի մարմնական վնասվածքներ: Երեխաները վախեցած էին և տեսանկարահանվել չցանկացան: Իսկ նրանց մայրը ամաչեց ցույց տալ իր վնասվածքները, ասաց, որ հարվածներ է ստացել մեջքի, գլխի, ոտքերի հատվածում:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին, որ, ամենայն հավանականությամբ, այսօր Ռուզաննա Պողոսյանը դուրս կգրվի հիվանդանոցից:

Շտապ օգնության և վերակենադնացման բաժանմունքի վարիչ Գրիգոր Մանուչարյանի խոսքով՝ ոստկրատրավմատիկ փոփոխություններ չի հայտաբերվել կնոջ մոտ:

Ոստիկանության լրատվական բաժնից տեղեկացանք, որ սեփականատերը երեք անգամ դիմել է ոստիկանություն՝ բնակարանը ազատելու պահանջով: Լրատվական բաժնից հաղորդեցին, որ Ռուզաննա Պողոսյանը ոչ մի հիմք չի ներկայացրել սեփականության վերաբերյալ: Վերջին անգամ ևս ոստիկանները 30 րոպե ժամանակ են տվել կնոջն ու երեխաներին և զգուշացրել, որ բնակարանը չազատելու դեպքում կգործադրեն համաչափ ֆիզիկական ուժ:

«Ազատության» հարցին, թե արդյոք համաչափ ուժ է կիրառվել երեխաների և կնոջ նկատմամբ, ոստիկանության լրատվական բաժնից ասացին, որ այս մասով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել և երեկ ուղղարկվել են դատախազություն:

Գլխավոր դատախազության մամլո խոսնակից տեղեկացանք, որ գործին ընթացք է տրվել: