«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այսօրվա միջնորդության համար մի շարք փաստարկներ են ներկայացրել, մասնավորապես այն, որ 4 ամիս՝ առաջին անգամ կալանավորվելուց և ազատ արձակվելուց հետո Քոչարյանը որևէ խախտում թույլ չի տվել:
«Կալանավորման այն հիմքերը, ինչի համար անձին կալանավորում են, որ չխոչընդոտի, չթաքնվի, որևէ կերպ երևան չեն եկել։ Այսինքն, լինելով ազատության մեջ, չունենալով ոչ մի խափանման միջոց մինչև ընթացքում կիրառվեց ստորագրությունը, ինքը որևէ կերպ չի խոչընդոտել գործընթացներին», - ընդգծեց Օրբելյանը։
Արամ Օրբելյանի խոսքով, վերաքննիչ դատարանը, որ դեկտեմբերի 7-ին անփոփոխ թողեց Քոչարյանին կալանավորելու մասին առաջին ատյանի որոշումը, հաշվի չի առել ազատության մեջ նախաքննությանը չխոչընդոտելու նրա վարքագիծը:
«Բայց էդ հանգամանքը ոչ մի կերպ վերաքննիչ դատարանը հաշվի չի առել՝ հիմնավորելով, որ իր իրավասություններից դուրս է գալիս, քանի որ ինքը ստուգում է, ընդամենը, թե առաջին ատյանի դատարանը չորս ամիս առաջ ճիշտ որոշում է կայացրել, թե չէ։ Գրավը կիրառելուց առաջ հաշվի է առնվում նաև այն հիմքերը, որը նաև կիրառվում է կալանքի ժամանակ ու գնահատվում է՝ արդյո՞ք կարող է գրավը բավարարել այդ հիմքերի վրա չհասնելուն։ Այիսնքն, եթե ասենք, անձը կարող է խոչընդոտել, արդյո՞ք գրավը կարող է աջակցել, որ չխոչընդոտի։ Էս հանգամանքը հաշվի առնելով, որ ինքը չորս ամիս դրսում գտնվելով, որևէ սահմանափակում չունենալով, որևէ կերպ չի խոչընդոտել, դրսևորել է պատշաճ վարքագիծ, գտնում ենք, որ էապես բարձրացնում է գրավի՝ որպես հավելյալ գործիքի կիրառման հնարավորությունը։ Այսինքն գտնում ենք, որ գրավը ավելի քան բավարար է, որպեսզի երաշխավորի, որ Ռոբերտ Քոչարյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ և չի խոչընդոտի, որևէ կերպ չի թաքնվի քննությունից», - ասաց Քոչարյանի պաշտպանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 27-ին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը կրկին կալանավորվեց:
«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն ասաց, թե գրավի չափը կորոշի դատարանը։ «Ազատության» դիտարկմանը, որ վերջերս դատարանները խոշոր չափերով գրավ են կիրառում, իսկ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, թե հարուստ չէ, ու հարցին՝ եթե այս դեպքում ևս խոշոր չափով գրավ կկիրառվի, արդյո՞ք Քոչարյանը կկարողանա վճարել, փաստաբանն արձագանքեց, թե նրան կօգնեն հարազատները։
«Ամեն դեպքում, եթե գրավի կիրառման հարցը լինի, պարտադիր չի Ռոբերտ Քոչարյանը անձամբ վճարի այդ գրավը։ Կարող են իր համար վճարել իր հարազատները, ներառյալ որդիները, բայց չի բացառվում այլ բարեկամներ։ Այսինքն գումարի չափը, երբ որ տեսնենք, կհասկանանք։ Կախված գումարի չափից՝ արդեն պարզ կլինի, թե որտեղից կարող ենք ապահովել այդ գրավի վճարման հնարավորությունը։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ եթե Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ ինքը հարուստ չի, դա չի նշանակում, որ ինքը աղքատ է, որովհետև նախկին բոլոր նախագահներն էլ սկսած իրենց բավականին թոշակից, ավարտած ինքը աշխատում է և բավական բարձր աշխատավարձ է ստանում։ Ճիշտ է այդ հաշիվների վրա անգելանք է դրված, բայց եթե հիմա կիրառվի գրավ կփորձենք, կհասկանանք որտեղից կարող ենք ապահովել վճարումը», - նշեց Օրբելյանը։
Նախկին նախագահն ու նրա փաստաբանները շարունակում են հայտարարել, որ Քոչարյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Մինչդեռ «Մարտի 1»-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը հաղորդել է՝ 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ զինված ուժերը ներգրավված են եղել քաղաքական գործընթացներում, իսկ դրա համար այդ ժամանակվա պաշտպանության նախարար, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանը ստորագրել է Գերագույն գլխավոր հրամանատարի՝ այսինքն այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ հույժ գաղտնի 0038 հրամանը։