Այսօր երեկոյան Երևանի դատարանը կքննի Ռոբերտ Քոչարյանի բողոքը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տալիս «Երկիր Մեդիա»-ին, 16-ը օգոստոսի, 2018թ․

Այսօր ժամը 17-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կքննի Հայաստանի երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի բողոքը։ Նրա պաշտպաններն օրերս են դիմել դատարան` առաջարկելով Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով։

Իրենց միջնորդության հիմքերի վերաբերյալ «Ազատության» հարցին նախկին նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը պատասխանեց․ - «Մի շարք հիմքեր ենք դրել, ես մեկին՝ ամենակարևորին անդրադառնամ, մնացածը ավելի տեխնիկական են: Ամենակարևորը հետևյալն է՝ երբ որ առաջին անգամ կիրառվել էր կալանքը, որից հետո բողոքարկվել էր, բողոքը բավարարվել էր, և Ռոբերտ Քոչարյանը ազատ էր արձակվել մինչև հաջորդ Վերաքննիչ դատարանի որոշումը, մոտավորապես չորս ամիս Ռոբերտ Քոչարյանը գտնվել էր ազատության մեջ, և ըստ էության՝ կալանավորման այն հիմքերը, ինչի համար անձին կալանավորում են՝ որ չխոչընդոտի, չթաքնվի, որևէ կերպ երևան չեն եկել»:

Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է դեկտեմբերի 7-ին, երբ Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց նախկին նախագահին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել: Վճռաբեկ դատարանը երեք ամսվա ընթացքում պետք է որոշում կայացնի` վարույթ ընդունել-չընդունելու մասին, իսկ մինչ այդ նաև գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրել էր հուլիսի 27-ին: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի դատարանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը կրկին կալանավորվել է: