Քաղաքական վերլուծաբան․ Փաշինյան-Պուտին հանդիպմանը լարվածություն բացարձակապես չկար

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցը «ամբողջական գնահատելու համար, իհարկե, դեռ պետք է ամբողջապես տեղեկանալ քննարկված կոնկրետ հարցերի շրջանակին և արդյունքներին, բայց դատելով հանդիպման մեկնարկի հայտարարություններից՝ մասնավորապես թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛, առավել ևս, Ռուսաստանի նախագահ Պուտինի, տրամադրվածությունը միանգամայն աշխատանքային էր, այսինքն՝ լարվածություն բացարձակապես չկար»: «Ազատության» հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը:

«Հատկապես Պուտինի մեկնարկային խոսքում նշվում էր, որ հայ-ռուսական հարաբերությունը բնութագրվելու կարիք չունի, դա դաշնակցային հարաբերություն է, և միաժամանակ շատ կարևոր էր նաև արձանագրումը, որ Մոսկվան ամեն ինչ կանի եղած հարաբերությունը զարգացնելու՝ և ոչ միայն երկկողմ տնտեսական կապեր և այլն, այլ նաև անվտանգության ոլորտում», - ընդգծեց Բադալյանը՝ հավելելով․ - «Էս ամեն ինչը խոսում էր աշխատանքային մթնոլորտի մասին»:

«Իհարկե, անխոս, և էս մասին բազմաթիվ անգամներ ասել եմ, որ Հայաստանում իրավիճակի փոփոխությունը, համակարգի, իշխանության բնույթի փոփոխությունը, անկասկած, բերելու է երկկողմ հարաբերության մի շարք ասպեկտներում միմյանց վարժվելու, ադապտացվելու փոխադարձ անհրաժեշտության, և էստեղ, իհարկե, կարող են ընթացիկ բավական խնդիրներ առաջանալ, որոնք շատ նորմալ պետք է լինեն որևէ միջպետական հարաբերության համար», - նշեց վերլուծաբանը:

Հիշեցնելով, որ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանի, նրա գլխավորած թիմի հաղթանակը, հաջողություն մաղթեց, Հակոբ Բադալյանը շարունակեց․ - «Իհարկե, տարօրինակ կլիներ, որ նույնիսկ հանդիպման ժամանակ էդ մասին չխոսեր՝ դա արդեն իսկ կլիներ բավական լուրջ լարվածության վկայություն, ինչը չեղավ, բայց հասկանալի է նաև, որ, օրինակ, նախկին իշխանությանը Պուտինը շնորհավորում էր անմիջապես: Բայց էստեղ ես կուզեմ նայենք հակառակ կողմից, այսինքն՝ նախկին իշխանության էդ շնորհավորանքները որոշակիորեն, այսպես ասեմ՝ կնիքի իմաստ ունեին նաև, տեղի ունեցած ընտրության, էդ համակարգի վերարտադրության գլխավոր հովանավորի կնիքի իմաստը կար: Հիմա դրա համար եմ նշում, որ Հայաստանում այլ իշխանություն է, այլ համակարգ է իր բնույթով նաև և բոլորովին այլ հարաբերություններ է ենթադրում դա նաև արտաքին ուղղությամբ, այդ թվում՝ Ռուսաստանի»: