Գարեգին Բաղրամյանը չի կարծում, թե Հայաստան մատակարարվող ռուսական գազի սակագինը կբարձրանա

«Գազպրոմ Արմենիա»-ի շենքը Երևանում, արխիվ

Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատարը չի կարծում, թե Հայաստան մատակարարվող ռուսական գազի սակագինը կբարձրանա:

«Բնականաբար, մենք բանակցում ենք իջացնելու շուրջ։ Ռուսաստանի առաջարկներից տեղյակ չեմ», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գարեգին Բաղրամյանը։

«Ազատության» հարցին՝ լավագույն արդյունքը հայկական կողմի համար ո՞րը պետք է լինի, նախարարի պաշտոնակատարը արձագանքեց՝ «լավագույն արդյունքը պետք է լինի գազի գնի իջեցումը, բնականաբար», դժվարանալով ասել, թե որքանով. - «Բանակցությունների ավարտին կիմանաք: Սպասենք, էլի, մի երկու օր է մնացել, հիմա կոնկրետ բանակցության ընթացքում է»:

«Գազային պայմանագիր» անունը ստացած գործող փաստաթուղթը ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերի 2-ին։ Համաձայնագրով «Գազպրոմ»-ին փոխանցվեց «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը, և սահմանվեց, որ մինչև 2043 թվականը հայկական կողմը գազը գնելու է միայն «Գազպրոմ»-ից: Զուգահեռ ստորագրվեց մեկ այլ՝ գազի գնի վերաբերյալ համաձայնագիր, որի ժամկետը սահմանվեց մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը։ Ստացվում է՝ հունվարի 1-ից ռուսական կողմը Հայաստանի նկատմամբ որևէ պարտավորություն չունի, մինչդեռ «Գազպրոմ»-ին տված բոլոր պայմանավորվածությունները ուժի մեջ են առաջիկա 25 տարիների ընթացքում։

«Հայկական կողմը շատ քիչ բան ունի առաջարկելու ռուսական կողմին, որովհետև ամեն տեսակի մենաշնորհներ տրված են։ Կամ պիտի ինչ-որ հերթական մենաշնորհները տան ռուսական կողմին, կամ ինչ-որ քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերվի, կամ որևիցե այլ բան տրվի։ Ամեն դեպքում, քանի որ 30 տարով մենաշնորհը տրված է «Գազպրոմ»-ին, հայկական կողմիը չի կարող գազի գնի բանակցություններ վարել Իրանի հետ, և այս պայմաններում ռուսական կողմը ունենում է ամբողջական մենաշնորհ և այս մենաշնորհի պտուղներից բնականաբար օգտվելու է։ Բնականաբար, կամ բարձր գին է առաջարկելու, կամ բարձր գին չտալու դիմաց ինչ-որ այլ դիվիդենտներ է ստանալու՝ միգուցե քաղաքական, միգուցե տնտեսական, միգուցե ինչ-որ մենաշնորհ», - «Ազատության» հետ զրուցում նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Իոաննիսյանը հիշեցնում է՝ հենց այս պայմանագրի վավերացման դեմ էին 2013-ին պայքարում ակտիվիստները Ազգային ժողովի դարպասների դիմաց, խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և Զարուհի Փոստանջյանի, խորհրդարանի նիստերի դահլիճում։ Բողոքի ակցիա անցկացրին անգամ նիստը լուսաբանող որոշ լրագրողներ:

Դանիել Իոաննիսյանը պնդում է՝ այժմ Հայաստանը քաղում է 2013 թվականի իշխող մեծամասնություն ՀՀԿ-ի վավերացրած համաձայնագրերի պտուղները, և քիչ իրատեսական է համարում դրա վերանայումը։

«Պայմանագիրը այնպես է գրված, որ հայկական կողմը շատ քիչ ազատության աստիճան ունի այս առումով, և անգամ եթե հայկական կողմը կտրուկ գործողությունների դիմի, ենթադրենք՝ տրված մենաշնորհը խախտի և այլն, արբիտրաժում բավականին լուրջ խնդիրների կարող ենք հանդիպել», - ընդգծեց Իոաննիսյանը:

Գազի սակագնի ինչպես բարձրացման, այնպես էլ նվազեցման հարցերը «հավասարազոր հավանականություն ունեն», բայց «գազի գինը նաև լուրջ քաղաքական կոմպոնենտ է՝ հատկապես Ռուսաստանի Դաշնության կողմից, որը որ ավանդաբար կիրառվում է», «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արտակ Մանուկյանը։

«Բանակցություններում առաջին անգամ, ըստ էության, մենք ունենք լեգիտիմ իշխանություն, բանակցություններում չկան այլ հավելյալ շահեր, որոնք որ կոնկրետ ստեղծում են որոշակի խումբ մարդկանց սպասարկելու համար, ինչը ևս էականորեն բարձրացնում է բանակցային ուժը, և այս հանգամանքները հաշվի առնելով՝ երրորդ բանն էլ ես կուզենայի ասել, որ աշխարհում հիմա մենք ուսումնասիրենք, ևս էս առումով անուղղակիորեն նվազման միտումներ են դրսևորվում: Եվ չորրորդ ամենակարևոր գործոնը, որը որ թերևս պարբերաբար ԵԱՏՄ գործընկերների կողմից կիրառվում է բանակցությունների գործընթացում, մասնավորապես՝ Բելառուսի, դա այն է, որ համաձայնագրերով նախատեսվում է, որ գազի գինը պետք է, ըստ էության, համահարթ լինի, այսինքն՝ բոլոր անդամ երկրների համար նույն մոտեցումները պետք է լինի, ինչը ներկայումս չի գործում», - նշեց վարչապետի պաշտոնակատարի խորհրդականը։

Գործող համաձայնագրով 1000 խորանարդ մետրի դիմաց Հայաստանը սահմանին սկզբում վճարում էր 190 դոլար, հետո այն դարձավ 165, ներկայումս էլ գործում է 150 դոլար սակագինը։ Շարքային սպառողին գազը հասնում է գրեթե կրկնակի գնով: