«Հյուրիյեթ» պարբերականի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահականը խորհրդարանի ութ պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել մեջլիս:
Գարո Փայլանից բացի, անձեռնմխելիությունը կորցնելու վտանգ է սպառնում Ժողովրդադեմոկրատական կուսակցության ևս հինգ պատգամավորի: Այդ ցուցակում ընդգրկված են նաև մեկական պատգամավոր իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցություններից: Միջնորդությունը ներկայացվել է խորհրդարանի սահմանադրական և արդարադատության խառը հանձնաժողովին, որի հաստատումից հետո կուղարկվի Արդարադատության նախարարություն:
Փայլանի կուսակցությունը հայտնվել է նաև թուրք ազգայնականների թիրախում: Հայտնի ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի «Հայրենիք» կուսակցությունը նախօրեին արդեն երրորդ անգամ հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով փակել Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը:
Ազգայնականները ԺԴԿ-ին մեղադրում են անջատողականության, երկրի անկախությունն ու ամբողջականությունը վտանգող գործողությունների մեջ:
Գարո Փայլանը Halk TV-ի եթերում, պատասխանելով այս մեղադրանքներին, նշել է, որ Փերինչեքը փորձում է բևեռացնել ժողովուրդին: