Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարները այսօր առավոտից փակել էին Երևան-Թալին մայրուղին՝ պահանջելով իրենց աշխատավարձը։
Ծրագիրն իրականացնող իսպանական «Իզոլյուքս Կորսան» կապալառու ընկերությունն ունի մոտ երկու տասնյակ ենթակապալառու ընկերություններ։ Ըստ շինարարների՝ Արագածոտնի մարզում գործող վեց կազմակերպություններն էլ վերջին անգամ հուլիսին են վճարել աշխատավարձը։
«Տունը կա 90 տարեկան ծեր կին, պապիկ, կա գրկանոց երեխա, և էս օրով մարդու ջերմությունը կտրե՞ն։ Հո մենք կենդանական աշխարհո՞ւմ չենք ապրում։ 21-րդ դարում ենք ապրում։ Սա ի՞նչ ձև է, մարդուն տանեն բետոնի մեջ քնցնեն, ցեխի մեջ, անձրևի տակ։ Ես ունեմ մոտ 1 միլիոն դրամ փող [ստանալու], բոլորինն էլ էդքան կազմում է։ Իսկ իմ երեխուն հանում են Պոլիտեխնիկից դուրս։ Վարձը չեմ կարում տամ, վարձը ուզում են մարդիկ», - ասաց ցուցարարներից մեկը։
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, թե կառավարությունը որևէ մեղք չունի այս հարցում։ Ընկերությանը գումարը փոխանցվել է։
«Ուրեմն խնդիրը հետևյալն է, որ մեր հիմնական կապալառուներից «Կորսան» ընկերությունը իր ենթակապալառուներին չի փոխանցել դրամական միջոցները, և որոշ ընկերությունների աշխատակիցներ չեն ստացել իրենց աշխատավարձերը, և իրենց բողոքին պետք է ծանոթանանք: Ըստ առաջնային տեղեկության՝ այն է, որ իրենք կառավարությանն են իրենց պահանջը ուղղում, ես ուզում եմ ասել, որ կառավարությունը իր պարտականությունները պատշաճ կատարել է և վճարել է եղած աշխատանքի դիմաց և, ըստ երևույթին, էնտեղ կապալառուի և ենթակապալառուի միջև եղած խնդիր է, որի հետ կառավարությունը կապ չունի», - ընդգծեց Հակոբ Արշակյանը։
Դեպքի վայր ժամանեց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։ Հորդորեց ճանապարհը բացել, իսկ չվճարված աշխատավարձը պահանջել օրենքով սահմանված կարգով։
«Իրավական հարթության մեջ է ի վերջո լուծվելու այս խնդիրը։ Եթե համաձայնության չգան բանակցությունների արդյունքում, որ այս մարդկանց աշխատավարձը վճարվի, դատական կարգով աշխատավարձը վճարվելու է ցանկացած աշխատողի», - նշեց Արագածոտնի մարզպետը։
Կեսօրին ցուցարարները բացեցին ճանապարհը՝ պայմանով, որ մինչև տարեվերջ իրենց վերադարձնեն չվճարված աշխատավարձն ամբողջությամբ, հակառակ դեպքում՝ մայրուղին կփակեն անգամ դեկտեմբերի 31-ին։
«Էս ինչ բան էր։ Ով իրա տունը, իրա տոնածառը, էս խեղճ ու կրակ մարդիկ էլ էսօր ընգել են քուչեքը հազար տեսակ քֆուր են ուտում։ Էսքան գիտես թե մեզ համար հաճելի ա՞։ Ես պահանջում եմ անմիջապես էդ գործին տալ հստակ լուծում, այլապես կփակվի ճանապարհը մինչև դեկտեմբերի 31-ը», - ասաց շինարարներից մեկը։
Ճանապարհը կառուցող ընկերությունից որևէ մեկը չհանդիպեց ցուցարարներին, իսկ երեկոյան նախարարության լրատվական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ նախարարը հանդիպել է ենթակապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, մանրամասները կհայտնեն ավելի ուշ։