ԱՄՆ 15 նախարարություններից 9-ը մասնակիորեն դադարեցրել են իրենց աշխատանքը

ԱՄՆ - Ազգային արխիվը փակ է կառավարության մասնակի «անջատման» հետևանքով, Վաշինգտոն, 22-ը դեկտեմբերի, 2018թ․

Ամերիկյան կառավարությունը չի վերականգնի բնականոն գործունեությունը այնքան ժամանակ, մինչև դեմոկրատ կոնգրեսականները չհաստատեն Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման ֆինանսավորումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով համոզված է, որ հարևան երկրի հետ սահմանին պատի կառուցումը կօգնի ապօրինի միգրացիայի դեմ պայքարին:

«Ես չեմ կարող ասել, թե երբ կբացվի կառավարությունը, ես կարող եմ ասել, որ այն չի բացվի այնքան ժամանակ, մինչև մենք չունենանք պատ, արգելապատնեշ, ինչպես որ նրանք այն անվանեն», - հայտարարել է Թրամփը:

Բյուջետային ճգնաժամի պատճառով անցյալ շաբաթվանից ամերիկյան 15 նախարարություններից 9-ը՝ այդ թվում Պետքարտուղարությունը, Ներքին անվտանգության, Գյուղատնտեսության և Արդարադատության նախարարությունները, մասնակիորեն դադարեցրել են իրենց աշխատանքը:

Ավելի քան 800 հազար դաշնային ծառայող հարկադիր պարապուրդի է մատնված, նրանց մեծ մասը աշխատում է առանց աշխատավարձի: Նման իրավիճակ Նահանգներում բազմիցս է ստեղծվել՝ մասնավորապես, երբ հանրապետականներն ու դեմոկրատները չեն կարողանում համատեղ հաստատել բյուջեն ինչ-որ հարցերի շուրջ սկզբունքային տարաձայնությունների պատճառով: Այդ ճգնաժամի համար Նահանգներում անգամ հատուկ տերմին են գործածում՝ «կառավարության անջատում»:

Ամերիկյան կառավարության ֆինանսական գլխավոր փաստաթղթի շուրջ նախագահի և օրենսդիրների միջև վեճը կտեղափոխվի այսօր նախատեսված Սենատի նիստ: Դեմոկրատները, սակայն, չեն պատրաստվում զիջումների գնալ:

«Այդ օրինագիծը երբեք չի անցնի Սենատում: Ոչ այսօր, ոչ հաջորդ շաբաթ, ոչ էլ հաջորդ տարի», - հայտարարել է դեմոկրատ սենատորների առաջնորդ Չաք Շումերը և հավելել․ - «Պարոն նախագահ, եթե ցանկանում եք բացել կառավարությունը, ուրեմն պետք է մոռանաք պատի մասին»:

ԱՄՆ նախագահը Կոնգրեսից պահանջում է 5,7 միլիարդ դոլար տրամադրել նախագծի առաջին փուլի համար, պատի կառուցման ընդհանուր արժեքը կարող է գերազանցել 20 միլիարդը: Մինչդեռ իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը հավաստիացնում էր, թե այդ ծախսերը Մեքսիկան է փակելու: Ընդդիմախոսները Թրամփին հաճախ են հիշեցնում այդ խոստման մասին և պնդում, որ ամերիկյան հարկատուները պարտավոր չեն վճարել ոչ-արդյունավետ պատի կառուցման համար:

Ի դեպ, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է, որ չնայած Նահանգներում դաշնային կառույցների գործունեության դադարեցմանը՝ շարունակում է իր բնականոն աշխատանքը: Սակայն իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել, երեկ հայտարարել է Հայաստանում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելությունը: