Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում 6000-ից ավելի քվե է ստացել ու ԱԻՆ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանից հետո երկրորդն է մարզում ստացած ձայների թվով: Նա «Իմ քայլը» դաշինքով մարզից 3 մանդատ ստացողներից մեկն է համարվում:
Կարեն Սարուխանյանն այսօր ասաց, որ դեռ հստակ որոշում չկա՝ կշարունակի՞ պաշտոնավարումը, թե՞ մանդատը կվերցնի․ - «Դա քաղաքական որոշում կլինի: Ե՛վ մեր բնակչությանը, և՛ մեր քաղաքական թիմին ես որտեղ որ ավելի օգտակար լինեմ, ես կլինեմ այնտեղ»:
Հարցին, թե արդյոք քիչ չի համարում 6 հազար քվեն, ինչը քառակի քիչ է Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հավաքած քվեներից, Սարուխանյանն արձագանքեց․ - «Վեց հազարը հսկայական մեծ թիվ է, պարտավորեցնող թիվ է»:
Հետհեղափոխական 7 ամիսների ընթացքում Շիրակի մարզում մի շարք բացահայտումներ եղան: Այսօր կայացած մարզխորհրդի նիստում ներկայացվեցին ստուգումների արդյունքում արձանագրված բացահայտումները:
Մարզպետարանի աուդիտի բաժնի պետ Մուշեղ Մուրադյանը ներկայացրեց իրենց կողմից հայտնաբերված չարաշահումները․ - «Իրականացվել է ներքին աուդիտ թվով 71 կազմակերպություններում: Հայտնաբերվել են 79 միավոր թերություններ և խախտումներ: Արդյունքներով արձանագրվել է 45 միլիոն 681 հազար 350 դրամ վերականգնման ենթակա գումար: Աուդիտորական տասը հաշվետվություն ուղարկվել է իրավապահ մարմիններին՝ համապատասխան ընթացք տալու նպատակով»:
Ի դեպ, վերջին շրջանում հատկապես դպրոցների տնօրենների թափուր պաշտոնների հանդեպ հետաքրքրություն գրեթե չկա: Եթե նախկինում տարբեր ճանապարհներով փորձում էին տնօրեններ դառնալ ու թեժ մրցակցություն էր, հիմա այդ հետաքրքրությունը չկա:
Շիրակի մարզպետի խոսքով՝ միայն աշխատավարձով են աշխատելու, որն այնքան բարձր չէ:
Համայնքներից շատերը թերանում են սեփական եկամուտները հավաքագրելու հարցում: Սա, ըստ մարզպետի, առաջ է բերում տվյալ համայնքապետերի լեգիտիմության հարցը:
Մարզխորհուրդի նիստը քիչ աշխուժացավ, երբ գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը խոսեց կառավարության սուբսիդավորմամբ ցածր տոկոսադրույքով ոլորտին վարկային գումարներ տրամադրելու մասին:
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ում ընտանիքին է պատկանում «Գյումրի» գարեջուրը, հավաքված համայնքապետերին ասաց, որ դրսից ածիկը ներկրելու փոխարեն պատրաստ են տեղի արտադրողներից գնել՝ 250 դրամով: Համայնքապետերից շատերը գոհունակությամբ ընդունեցին առաջարկը:
Ինտենսիվ այգիների հիմնելու ծրագրով ևս հետաքրքրվողներ կան: Շիրակի մարզպետը տեղեկացրեց, որ մարտի 28-ին նախատեսվում է «Իմ քայլը հանուն Շիրակի» գործարար համաժողովը, որը իր հետ ներդրողներ կբերի:
Արդեն իսկ մի քանի ծրագրերի առաջարկներ ստացել են․ - «Աշոցքում մոտ 25 միլիոն դոլարի ներդրման ցանկություն կա: Պայմանավորվածությունը արդեն կա, հիմա իրենք պետք է գան, տեսնեն, թե արդյոք այդ տարածքը համապատասխանում է արևային էլեկտրաէներգիայի արտադրությանը»:
Գյումրիի օդանավակայանի հարակից տարածքով էլ դրսի ներդրողերն են հետաքրքված: Գյումրիում ցանկանում են ինքնաթիռ արտադրել․ - «Երկտեղ ինքնաթիռների արտադրություն են ուզում ստեղծել: Այն, որ հոսք կա, շարժ կա, մարդիկ ցանկանում են արդեն մեր երկրում, Շիրակի մարզում ներդրումներ իրականացնել, աշխատատեղեր ստեղծել՝ դա փաստ է»: