Քոչարյանի պաշտպանները նրա կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն են ներկայացրել

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայ Ալումյանը, արխիվ

Հայաստանի երկրորդ նախագահի պաշպանները այսօր միջնորդություն են ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ:

Երկրորդ նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ պաշտպանները դատարանին խնդրել են միջնորդությունը քննել օրենքով նախատեսված հնարավոր սեղմ ժամկետում, ինչպես նաև որոշել սահմանվող գրավի չափը:

«Միջնորդությունը ներկայացնելու հիմքում դրվել է այն, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 27-ի որոշումից անցել է ավելի քան չորս ամիս, և այդ ընթացքում որևէ կերպ գործին խոչընդոտելու գործողություն նրա կողմից չի կատարվել, ինչը չեն հերքում ո՛չ վարույթն իրականացնող մարմինը, ո՛չ էլ՝ Գլխավոր դատախազությունը: Ուստի, պաշտպանական կողմը գտնում է, որ որևէ հիմք չկա Ռոբերտ Քոչարյանին այս պահին կալանքի տակ պահելու համար: Բացի այդ, ներկայացված միջնորդության հիմքում դրվել է նաև այն, որ ի սկզբանե Ռոբերտ Քոչարյանի ազատությունն սահմանափակվել է ապօրինի, և գրավի կիրառումն այս պահին միակ միջոցն է, որով ազգային դատարանը կարող է նվազագույնի հասցնել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը», - ասված է հաղորդագրությունում:

Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը դեկտեմբերի 7-ին կրկին կալանավորվեց: