Վաղը Մոսկվայում կկայանան Փաշինյան-Պուտին բանակցությունները

Ռուսաստանի նախագահը Կրեմլում ընդունում է Հայաստանի վարչապետին, Մոսկվա, 8-ը սեպտեմբերի, 2018թ․

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վաղը աշխատանքային այցով ժամանելու է Մոսկվա, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ընդ որում, Փաշինյանի հետ կայանալիք հանդիպման մասին առաջինը հայտարարել է Պուտինը դեկտեմբերի 20-ին ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ:

Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների բանակցությունների օրակարգում են գազի գինը, ռուս-հայկական համագործակցությունը հետխորհրդային տարածքում գործող կազմակերպություններում, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ): Հավանաբար քննարկվելու է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը:

Երեկ ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, հղում անելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Վլադիմիր Զայնետդինովին, հաղորդեց․ - «Գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը համաձայնեցնելու գործընթացը կազմակերպվել է ՀԱՊԿ յուրաքանչյուր անդամ-երկրի ղեկավարի հետ նրա անձնական հանդիպումների միջոցով: Դեկտեմբերի 12-20-ը Զասը հանդիպել է Ղրղըզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահների հետ, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել թեկնածուին: Հանդիպումը Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի հետ հետաձգվել է և տեղի կունենա ավելի ուշ»:

Այստեղ թերևս հետաքրքիրն այն է, որ Զասի թեկնածությունը, ըստ այս հաղորդագրության, հավանության է արժանացրել նաև Ռուսաստանը: Պաշտոնական Մոսկվան նման հայտարարություն չի արել: «Նովոստի»-ն էլ երեկ օրվա երկրորդ կեսին իր կայքից հանել էր տվյալ հաղորդագրությունը: Փոխարենը՝ ՀԱՊԿ մամուլի քարտուղարի այս հայտարարությունը ակտիվորեն տարածել են թե՛ բելառուսական, թե՛ ղազախական և թե՛ ադրբեջանական լրատվամիջոցները:

ՀԱՊԿ անդամ են վեց երկրներ՝ Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը: Պաշտոնական Երևանը պնդում է, որ Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելուց հետո այն պետք է զբաղեցնի Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ: