Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարանի դեկտեմբերի 7-ի որոշման դեմ, որով վերաքննիչ ատյանը անփոփոխ է թողել «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահի կալանավորման մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։
Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն «Ազատությանն» ասաց, որ Վճռաբեկ դատարանը երեք ամսվա ընթացքում պետք է որոշում կայացնի` վարույթ ընդունե՞լ իրենց բողոքը, թե՞՝ ոչ։ Ալումյանը նաև ասաց, որ չի բացառվում` առանձին հայցով դիմեն դատարան` նախկին նախագահին գրավի դիմաց ազատելու պահանջով։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 27-ին էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը կրկին կալանավորվեց: