Հայաստանյան «Արտմիմիա» թատերախումբը մրցանակ է նվաճել «Ժեստերի տարածք» միջազգային փառատոնում

Ռեժիսոր, դերասան, մնջախաղաց կամ, ինչպես ինքն է ձևակերպում, ազատ ստեղծագործող Համլետ Չոբանյանը նաև «Արտմիմիա» թատերախմբի հիմնադիրն է:

Այս թատերախումբը, ինչպես Համլետ Չոբանյանն է անվանում, ազատ ստեղծագործողների, ազատ արտիստների թատերախումբ է, որը ստեղծվել է 2012 թվականին և առաջին անգամ հանդես է եկել Հոլանդիայում:

Թատերախումբը հիմնական կազմ չունի։ «Ազատության» հետ զրույցում Համլետ Չոբանյանը շեշտում էր, որ ցանկացած ազատ մտածող դերասան կարող է մասնակցել թատերախմբի աշխատանքներին:

Բոլորովին վերջերս «Արտմիմիա» թատերախումբը վերադարձել է մոսկովյան «Ժեստերի տարածք» թատերական միջազգային մրցույթ-փառատոնից, որին մասնակցում էին թույլ լսող, խուլ և մնջախաղաց դերասաններ: «Արտմիմիա» թատերախումբը այս փառատոնին հաղթող է ճանաչվել «Պլաստիկայի արտահայտչականություն» անվանակարգում:

Այս անգամ հավաքական այս թատերախմբի կազմում են եղել Նարինե Գրիգորյանը, խուլերի «Օվասիս» թատրոնի ղեկավար մնջախաղաց Ռոբերտ Ծատուրյանը, դերասան Սարգիս Սարգսյանը և դուդուկահար Վաչագան Գաբրիելյանը: Նրանցից յուրաքանչյուրն իր փոքրիկ բեմականացմամբ է հանդես եկել:

Ի դեպ փառատոնը տարբեր երկրներից 250-ից ավելի մասնակիցներ է ունեցել:

«Մոսկվայում առաջին փառատոնն էր էս տեսակի մեջ: Յուրօրինակությունն իր ինչումն է․ որ խուլ ու համրերի հետ է կապված: Բայց խուլ ու համրերի հետ նաև մնջախաղն է ամբողջությամբ ներառվում, քանի որ խոսքի խնդիր չկա: Մեր խմբում, մեր մասնակիցների մեջ կար մի խուլ ու համր տղա, որը մեր ներկայացմանը մասնակցում էր իր երեք փոքրիկ էդյուդներով․․․ Էնտեղ մեր ընդհանուր բեմադրությունը երեք մասից էր բաղկացած․ իմ բեմադրությունը՝ «Լռության մեղեդի» անվամբ, Նարինեի ներկայացումը, որը կոչվում էր «Աստծո և սատանայի միջև»: Բացումը արվեց իմ էտյուդով, և հենց առաջին էտյուդը դուդուկի երաժշտության տակ էր»:

Հարցին, թե ինչպիսին է ազատ ստեղծագործողի կարգավիճակը, Չոբանյանը պատասխանեց․ - «Ազատ ստեղծագործողի կարգավիճակը նախ և առաջ տարածքն է, տարածքի բացակայությունը: Խնդրելով, ծանոթների միջոցով, ընկերների միջոցով, մենք ինչ-որ բանի հասնում են, փորձատեղեր ենք գտնում: Երկրորդը ֆինանսական հնարավորությունների պակասը, որ ազատ ստեղծագործողը կարողանա․․․ ֆոնդեր լինի Հայաստանում, որ ազատ ստեղծագործողը գոնե օգտվի որոշակի ֆոնդերից, կարողանա իր ստեղծագործությունը ներկայացնի»:

Չոբանյանն ասաց, որ մինչև հիմա իրենք աշխատել են ինքնաֆինանսավորմամբ: Մինչդեռ, նրա փոխանցմամբ, արտասահմանում գրեթե ամենուրեք գոյություն ունեն ֆոնդեր․ - «Եթե դու ներկայացում ես արել և որևէ միջազգային փառատոնի պիտի ներկայացնես, էդ ֆոնդերը գոնե ճանապարահածախսային հարցն են լուծում»:

Փառատոնը կազմակերպել է Մոսկվայի «Միմիկայի և ժեստի» թատրոնը, որի տնօրեն Նիկոլայ Չաուշյանի հրավերով էլ հենց թատերախումբը մասնացել է փառատոնին: Հայաստանից մեկնած թատերախմբի ֆինանսական ողջ ծախսերը հոգացել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունը: