Վալերի Օսիպյան․ «Գիտեմ՝ ում է ձեռնտու, որ ոստիկանապետ չլինի Օսիպյանը»

Հայաստանի ոստիկանապետի հրահանգով այսօր մեկնարկելու է օլիգարխների թիկնազորերը «ասֆալտին փռելու» գործընթացը։ Այդ մասին Վալերի Օսիպյանը հայտարարեց երկուշաբթի օրը «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» եթերում:

«Վերջին ժամանակահատվածում «ասֆալտին փռելու» բառակապակցությունը շատ շահարկվում է», - ասաց ոստիկանապետը՝ շարունակելով. - «Նախքան ասֆալտին փռելը մենք կանխարգելիչ աշխատանքներ ենք տանում։ Կա համապատասխան հանձնարարական իմ կողմից, բոլորին զգուշացվել է՝ ով կընդունի, կընդունի։ Եվ օգտվելով առիթից ասեմ՝ հենց վաղը սկսվելու է այդ գործընթացը։ Եթե որևէ մեկը հայտնվի երկրորդ մեքենայով, իհարկե, ժողովրդի ասած՝ կփռենք ասֆալտին»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ հանձնարարական էր տվել որոշ օլիգարխների ու նրանց թիկնապահներին «փռել ասֆալտին»:

Ստորև ներկայացնում ենք «Ֆեյսբուքյան ասուլիսից» մի հատված․

Հարց․ - Չգիտեմ՝ Դուք համացանցում հետևում եք, թե՝ չէ, բայց նաև մամուլն է գրում, որ «Վալերի Օսիպյանը թույլ ոստիկանապետ է»: Դուք այս կարծիքը, վստահ եմ, լսել եք: Ինչպե՞ս եք գնահատում, ինչպե՞ս եք վերաբերվում:

Վալերի Օսիպյան․ - Շատ, շատ թույլ ոստիկանապետ եմ, որ ես գիտեմ՝ այդ որտեղից է գալիս, գիտեմ՝ ովքեր են այդ լուրեր տարածողները, գիտեմ՝ ում է ձեռնտու, որ ոստիկանապետ չլինի Օսիպյանը: Շատ թույլ եմ, բայց կարողացել եմ կաշառակերությունը վերացնել համակարգում, շատ թույլ եմ: Շատ թույլ եմ, որ բոլոր այն ծառայությունները, որոնք մի փոքր առաջ թվարկեցի, վերջինն ասեմ՝ Ազգային ժողովի ընտրությունները, շատ թույլ ոստիկանապետ եմ: Շատ թույլ ոստիկանապետ եմ, որ իմ վրացի գործընկերը ասում է, որ Հայաստանի Հանրապետությունում նախադեպ չունեցող ընտրություններ իրականացվեցին, անգամ համեմատեց իրենց ընտրությունների հետ, ասեց՝ «պարոն Օսիպյան, ձեր ընտրությունները ավելի լավն էին»: Շատ թույլ եմ, որ բոլոր խնդիրները ոստիկանության առջև՝ [Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հետախուզման մեջ գտնվող եղբորորդի] Նարեկ Սարգսյանին հայտնաբերեցի, միջազգային հետախուզման մեջ կային հետախուզվողներ, որոնց հայտնաբերեցի: Ինչո՞վ է պայմանավորված թույլ լինելը:

Հարց․ - ՊՊԾ գնդում կատարվածը ամոթալի՞ եք համարում, եթե ոչ, պատմեք առավել մանրամասն՝ ի՞նչ է կատարվել այնտեղ, ու ի՞նչ պայմաններում են մահացել ոստիկանները:

Օսիպյան․ - Ի՞նչն եմ ամոթալի համարում, ինձ համար շատ հետաքրքիր է՝ ի՞նչն էր ամոթալի: Իսկ թե ոնց են զոհվել ոստիկանները՝ իմ գործընկերները զոհվել են իրենց ծառայողական պարտքը բարեխիղճ կատարելու արդյունքում:

Հարց․ - Օրինակ, Յուրի Տեփանոսյանի կինը պնդում է, որ «Սասնա ծռեր»-ի անդամներն են մեղավոր իր ամուսնու մահվան մեջ, այնինչ հայրը հակառակն է պնդում: Դուք ներսում եք եղել, <…> հակված եք ինչպե՞ս մտածել:

Օսիպյան․ - Քանի որ դատավարություն է գնում, և զերծ կմնամ ասելու, բայց հստակ կարող եմ ասել, որ Յուրի Տեփանոսյանին իրավապահները, կոնկրետ ոստիկանների կրակոցից չի մահացել, վստահեցնում եմ Ձեզ:

«Ազատություն»․ - Յուրի Տեփանոսյանը ոստիկանի կրակոցից չի մահացել:

Օսիպյան․ - Այո, վստահեցնում են Ձեզ: Դա չի համապատասխանում իրականությանը, դա անտրամաբանական է, և իմաստ չեմ տեսնում այս ամեն ինչի: Իմաստը կարո՞ղ եք ասել, մոտիվացիան՝ ինչո՞ւմն է կայանում․․․

«Ազատություն»․ - Բայց Դուք սա որպես ականատես չեք ասում, չէ՞:

Օսիպյան․ - Հարգելիս, ես Ձեզ վստահ եմ ասում:

«Ազատություն»․ - Այսինքն՝ որպես ականատես եք նաև ասում:

Օսիպյան․ - Ես Ձեզ վստահ եմ ասում՝ չկա այդպիսի բան: Ինձ եթե ասեն՝ ինչի՞ համար պիտի Տեփանոսյանին սպանեին․․․

«Ազատություն»․ - Դուք այս մասով բացատրություն տվե՞լ եք արդեն, հարցաքննվե՞լ եք:

Օսիպյան․ - Ես նախաքննության ժամանակ եմ տվել, ես դատաքննության ժամանակ որևէ․․․

«Ազատություն»․ - Այս Ձեր պնդումը ասել եք, ամեն դեպքում, իրավապահներին:

Օսիպյան․ - Չեմ հիշում, բայց իմ նախաքննական ցուցմունքները պնդում են:

«Ազատություն»․ - Ինչպե՞ս են վարվել Ձեզ հետ, ես գիտեմ՝ Դուք չեք ուզում այս թեմայից խոսել, բայց ասում եք, որ, ամեն դեպքում, վերաբերմունքը հարգալից չի եղել, բայց ասում են, որ ստորացուցիչ պայմաններ չի եղել Ձեզ համար: Եղե՞լ է, թե՞ ոչ:

Օսիպյան․ - Ուրեմն, ստորացուցիչ՝ Օսիպյանը թույլ չէր տա իր նկատմամբ ստորացուցիչ, թույլ չէի տա, այո, թույլ չեմ տվել, բայց եղել են և՛ լավ, և՛ վատ: Այսքանով կսահմանափակեմ այս թեման:

«Ազատություն»․ - Ամեն դեպքում, խոսքը բռնության մասին չէ, ոչ էլ՝ հոգեբանական ճնշման: Թե՞ երկրորդ դրվագը եղել է:

Օսիպյան․ - Տարբեր տեսակ էլ եղել է:

«Ազատություն»․ - Հոգեբանական ճնշումը չեք բացառում:

Օսիպյան․ - Չեմ բացառում:

«Սասնա ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ է պահել ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Այդ ժամանակ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատանդների թվում էր:

Հարց․ - Օգտատերերը ասում են, որ շատացել են բնակարանային գողությունները, ավտոմեքենաների գողությունները, <...> ասում են՝ անգամ բարձրաստիճան ոստիկանի բնակարանն են թալանում: Ոստիկանությունը ի՞նչ է անում, որ սա չլինի:

Օսիպյան․ - Փորձեմ բացատրել, բայց կխնդրեմ, որ դա չդիտվի, որ ես արդարանում եմ, ոչ: Տեղին է, այո, կա, որ գողությունները, այդ թվում՝ բնակարանային գողությունները, աճ կա, բայց թույլատրելի նորմերի մեջ է աճը, մի քանի գործոնով է պայմանավորված:

Համաներում ենք հայտարարել, այս պահի դրությամբ մենք ունենք արդեն կրկնահանցագործներ, հենց համաներումով, հենց բնակարանային գողեր էլ ունենք արդեն, գողություն կատարողներ էլ ունենք իրենց շրջանում՝ համաներմամբ իրենք դրսում են և կատարել են բնակարանային գողություններ, ունենք:

Հաջորդը ասեմ Ձեզ՝ հանցավորության աճը պայմանավորված է նաև, որ քաղաքացին ինքը է՛լ ավելի վստահություն ունի դեպի ոստիկանությունը, անգամ մի մանրուքի համար, որը ինքը նախկինում չէր դիմել, [դիմում է]: Այո, դիմելիությունն է աճել:

Հաջորդը՝ արատավոր պրակտիկա ունեինք թաքցնել, ընդհանրապես ոստիկանությունում նման պրակտիկա կար: Ճիշտ է՝ միշտ պայքարել ենք, բայց ես վստահեցնում եմ Ձեզ՝ միշտ կար, ես դրա ձևերը, մեթոդները գիտեմ, թե ոնց է դա իրականացվել: Դա թաքցվում էր, որպեսզի, տվյալ ստորաբաժանումը, տվյալ ստորաբաժանման ղեկավարը մտահոգված էր իր ցուցանիշների համար, որպեսզի ինքը ցույց տա համեմատական՝ մյուս տարվա հետ համեմատած, և ղեկավարությունը իր վրա չխոսեն, ծառայական քննություններ չլինեն, հարցը չդրվի՝ պաշտոնավարել հետագայում կամ չլինել: Ես կարող եմ մինչև տարվա վերջ էնպիսի ցուցանիշներ ցույց տամ հանրությանը՝ հանրությունը կզարմանա․ բացահայտումներով, որ նվազել են գողությունները, որ բացահայտումներն են աճել, տեսեք՝ ոստիկանությունը ինչ․․․ Բայց ես չեմ կարող դա անել, դա նույնպես կեղծ է, դա քրեորեն պատժելի արարք է:

Հայաստանի ոստիկանապետի հետ «Ֆեյսբուքյան ասուլիսը» կարող եք դիտել այստեղ․