Ռուսաստանցիների միայն երեք տոկոսն է կարևոր իրադարձություն համարում ապրիլին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը։
«Լևադա» կենտրոնը հարցում է անցկացրել ռուսաստանցիների շրջանում պարզելու՝ ռուսաստանցիները որ իրադարձություններն են համարում կարևոր անցնող տարում։
Հարցման մասնակիցներին ներկայացվել է իրադարձությունների ցանկ, որտեղ նշված է եղել նաև Հայաստանում ապրիլին տեղի ունեցած հեղափոխությունը։ Ռուսաստանցիների միայն 3 տոկոսն է կարևորել հայկական թավշյա հեղափոխությունը, հարցվածների 5 տոկոսը կարևորել է Բրեքզիթը, 7 տոկոսը՝ բրիտանական Սոլսբերի քաղաքում Սկրիպալների թունավորումը։
Հայաստանյան հեղափոխությունից ավելի քիչ տոկոս ստացել է միայն հայտնի ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի դատավարությունը։ Իսկ նույն 3 տոկոսը կարևոր է համարել ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի հացադուլը։
Իսկ ամենակարևոր իրադարձությունները ռուսաստանցիները համարում են Ղրիմում Կերչի կամուրջի կառուցումը: Այս իրադարձությունը նշել է հարցված ռուսաստանցիների 47 տոկոսը,
26 տոկոսը կարևորել է կենսաթոշակային ռեֆորմը․ այս տարի Ռուսաստանում բարձրացվել է թոշակի անցնելու տարիքը, տղամարդիկ թոշակի են անցնելու 65 տարեկանում, իսկ կանայք՝ 60։ Սա մեծ բողոքի ալիք էր բարձրացրել, նույնիսկ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշն էր կտրուկ նվազել: Այնուամենայնիվ, Ղրիմում կամրջի կառուցումը ռուսաստանցիները ավելի են կարևորել քան այս ռեֆորմը։ Ի դեպ, Ռուսաստանի նախագահի ընտրությունները կարևոր են համարել հարցվածների 37 տոկոսը։ Փետրվարին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գործող սահմանադրության համաձայն վերջին անգամ նախագահ է ընտրվել։
Հարցվածների 34 տոկոսը հիշել է Կեմերովո քաղաքում տեղի ունեցած հրդեհը, որի ժամանակ մահացել էր վաթսուն մարդ՝ այդ թվում 41 երեխա։
«Լևադա» կենտրոնի մասնագետ, սոցիոլոգ Կարիա Պիպիան համարում է, որ այս պատկերը դաշնային հեռուստաընկերությունների գործունեության արդյունքն է։ Ռուսաստանցիները, որ այսօր էլ տեղեկատվությունը մեծամասամբ ստանում են հեռուստաընկերությունների եթերներից, կարևորում են այն իրադարձությունները, որոնց մասին ամենից շատ են խոսում այս հեռուստաընկերությունների եթերներում։