Ռուսաստանը հավելյալ օդուժ է տեղակայել Ղրիմում. «Ռոյթերս»

Արխիվ. ռուսական կործանիչները մասնակցում են 2016 թվականին Ղրիմում անցկացված զորավարժություններին

«Ռոյթերս» գործակալությունը վկայակոչելով ակնատեսներին հաղորդում է, որ շաբաթ օր ավելի քան մեկ տասնյակ SU-27 և SU-30 տիպի կործանիչներ վայրէջք են կատարել Սիմֆերոպոլի մոտ գտնվող «Բելբեկ» ավիաբազայում: Մոսկվան Ղրիմում ռազմական օդուժն ավելացնում է ռուս-ուկրաինական լարվածության ֆոնին:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ ասել է, թե Ուկրաինան Ղրիմի մոտ տարեվերջին սադրանք է նախապատրաստում: Կիևն իր հերթին մեղադրել է Մոսկվային երկու երկրների սահմանին ռազմական մեծ ուժեր կենտրոնացնելու մեջ: Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ասել էր, թե Ռուսաստանը սահմանային շրջաններին է մոտեցրել 80 հազարանոց զորք, 1400 հրետանային և հրթիռային համակարգ, 900 տանկ, 2300 զրահամեքենա ու հարյուրավոր մարտական ինքնաթիռներ:

Վերջին շաբաթներին լարվածությունն աճել է, երբ անցած նոյեմբերին Ռուսաստանը Ազովի ծովում ուկրաինական երեք նավ կալանեց և ձերբակալեց նավաստիներին: