Հայաստանը մտադիր է խորացնել Իրանի հետ ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական հարաբերությունները. Փաշինյան

Հայաստանը մտադիր է խորացնել Իրանի հետ ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական հարաբերությունները: Այս մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Վանաձորում գազաբալոնների արտադրության հայ-իրանական համատեղ գործարանի բացման արարողության ժամանակ՝ շեշտելով, որ Հայաստանում այդ հարաբերությունները զարգացնելու բոլոր նախապայմանները կան։

Հայ-իրանական «Ռադ Սանե ԱՏՏԻ» ընկերության, ինչպես նաև իրանցի գործարարների հետ հանդիպումից հետո Փաշինյանը լրագրողներին ասաց՝ կառավարությունը պատրաստ է լիովին աջակցել ներկայացված բոլոր նախաձեռնությունների իրագործմանը Հայաստանում։

«Բալոնների արտադրությունը, մտադիր են ընդհանրապես նոր սերնդի բալոնների արտադրություն դնել, և դա առնվազն լայն առումով տարածաշրջանում աննախադեպ տեխնոլոգիա է, որը դեռ տարածաշրջան չի մտել։ Գյուղատնտեսության ոլորտում մեծ պլաններ ունեն։ Արդեն ասվեց ձեր ներկայությամբ՝ մեքենաշինության ոլորտում են խոսում, ասում ինչ-որ բաներ։ Մեր հավաստիացումն այն է, որ մենք՝ կառավարությունը, իր լիազորությունների և հնարավորությունների սահմաններում ամեն ինչով կաջակցի», - նշեց կառավարության ղեկավարը։

Վանաձորում հիմնված գործարանն արդեն պատրաստ է սկսել ամենաանվտանգ և թեթև կոմպոզիտային բալոնների արտադրությունը։ Պլաստմասե հիմքի վրա ստեղծվող բալոնները, որոնք նախատեսված են ավտոմեքենաների, նավերի և ինքնաթիռների համար, չեն պայթում, չեն հրդեհվում, չեն վնասում։ Ընդ որում, կարող են գործարկվել ոչ միայն գազի, այլ նաև թթվածնի համար։ Աշխարհում սա չորրորդ նմանատիպ գործարանն է՝ Միացյալ Նահանգներից, Գերմանիայից և Իրանից հետո։ Վերջինի սեփականատերը Հայաստանում հիմնադրված գործարանի համասեփականատեր Հուսեյն Յագուփուռն է։

Այստեղ նախատեսում են օրական 800 հատ գազաբալոն արտադրել։ Արտադրանքի 95 տոկոսը կարտահանեն հիմնականում Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Սաուդյան Արաբիա, Բելգիա և այլն։ Արտադրանքի ընդամենը 5 տոկոսով հնարավոր կլինի բավարարել Հայաստանի ամբողջ պահանջարկը, ասաց գործարանի հայ համասեփականատեր Արայիկ Ասրյանը։

«Գալու է մի պահ, որ ամբողջ Հայաստանը տեղափոխվելու է մեր գազաբալոններին, որովհետև, ուզեն-չուզեն, անվտանգությունն է դա առաջին հերթին, թեթևությունն է, գինը շատ մատչելի է լինելու։ Եթե մարդը կարողանում է էսօր իտալական գազաբալոն դնի իրա մեքենայի վրա՝ համարելով, որ դա էսօր գոյություն ունեցողներից ամենաանվտանգն է, ուրեմն մեր գազաբալոնը հաստատ կարողանալու է դնի», - ընդգծեց Ասրյանը։

Բալոնների արտադրությամբ գործարանը կապահովի մինչև 120 աշխատատեղ։ Բայց մտադիր են ընդլայնել գործունեությունը։ Այսօր կառավարության անդամներին ցուցադրեցին հայ-իրանական առաջին թեթև մարդատար ավտոմեքենան, որը ևս Իրանից ներկրված պահեստամասերով հավաքվել էր այս գործարանում, ասաց Արայիկ Ասրյանը։

«Մենք ունենք պայմանավորվածություն մեքենայի արտադրությունը Հայաստանում կազմակերպելու համար, որը կունենանք երեք ամիս հետո, եթե հասցնենք, մարտ ամսից մեր հայկական մեքենաները մտնեն հայկական շուկա, գոնե։ Մենք անունը հիմա դրել ենք «Սայնա-Արմենիա», գինը ես հիմա չեմ կարող ասել, որովհետև կառավարության հետ պայմանավորվեցինք էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպելու ու քննարկելու՝ ոնց կարող ենք անել, որ դառնա մատչելի, որ Հայաստան հին մեքենաներ ներկրումը դադարեցվի», - նշեց Ասրյանը։

Միացյալ Նահանգների կողմից Իրանի նկատմամբ կիրառված հերթական պատժամիջոցներն անդրադարձել են նաև Հայաստանի գործարար միջավայրի վրա։ Ռազմական արդյունաբերությանը և միջազգային ահաբեկչությանը հնարավոր առնչություն ունեցող իրականական ընկերությունների նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներից հետո հայաստանյան բանկերը սառեցրել են բոլոր իրանցիների հաշիվները՝ անկախ նրանց գործունեության բնույթից։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Ազատության» հարցին ի պատասխան ասաց՝ ամեն ինչ անում են, որ Հայաստանում բիզնես իրականացնող իրանցիները չտուժեն դրա հետևանքով։

«Ընդհանրապես, այդ պատժամիջոցների համակարգում քաղաքացիների բանկային հաշիվների հետ կապված ընդհանրապես նույնիսկ Ամերիկայի կառավարությունը պրոբլեմ չունի։ Բայց քանի որ բանկերը մասնավոր ընկերություններ են, և նրանք շատ զգուշանում են, որ հանկարծ իրենք սև ցուցակներում չհայտնվեն, դրա համար հենց որպես մասնավոր ձեռնարկություններ են իրենք՝ մտավախությունից ելնելով: Հիմա արդեն կան բանկեր, որոնք կարծես ավելի վստահ են գործում, և կան բանկեր, ովքեր հասկացել են, որ մասնավոր անձանց հաշիվների հետ պրոբլեմներ չեն լինի, եթե այդ մարդկանց վրա կոնկրետ պատժամիջոցներ չկան։ Էնպես որ, դա պետական պրոբլեմ չի, բայց մենք հիմա շատ սերտ համագործակցում ենք, քննարկում ենք, խոսում ենք, որպեսզի այդ խնդիրը լուծենք», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Հայ-իրանական ընկերությունը Վանաձորում արդեն ներդրել է 5 միլիոն դոլար։ Նախատեսվում է ներդնել ևս 15 միլիոն։