Քոչարյանի փաստաբանը տարբերություն տեսնում է «էն ժամանակվա ու հիմիկվա» դատարանների անկախության հարցում

Փաստաբան Հայկ Ալումյանը ասուլիսի ժամանակ, Երևան, 22-ը դեկտեմբերի, 2018թ․

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) դիմելը մեկ-երկու օրվա խնդիր է, պատասխանելով «Ազատության» հարցին՝ տեղեկացրեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

«Հենց հիմա իմ աշխատասենյակում դրված է գանգատը ՄԻԵԴ-ի՝ ամբողջությամբ պատրաստ վիճակում, համալրում ենք որոշ փաստաթղթեր։ Ակնկալիքներ կան, որ Հայաստանում տեղի ունեցած խախտումները կստանան արժանի գնահատականներ», - ասաց Ալումյանը։

2008 թվականի հետընտրական արյունալի իրադարձություններն ուսումնասիրող նախկին Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը նշում է՝ փաստահավաք գործունեության արդյունքում բազմաթիվ նյութերի է ծանոթացել «Մարտի 1»-ի գործով և վստահ է, որ ՄԻԵԴ-ը Ռոբերտ Քոչարյանին չի կարող արդարացնել, քանի որ գործը ոչ թե քաղաքական, այլ բացառապես իրավական հարթության մեջ է։

«Ես անգամ լուրջ չեմ դիտում Եվրոպական դատարան դիմելը, որովհետև Եվրոպական դատարանը արդեն 10 տարի ավել է՝ իր [Ռոբերտ Քոչարյանի] իշխանության տարիներին կիրառված ապօրինությունների, այդ թվում՝ մարտիմեկյան իրադարձությունների մեկնաբանություններն է տալիս իր ակտերում և արձանագրում իրավունքի բազմադրվագ խախտումներ՝ սկսած անձի անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտումից, խոշտանգումից, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի կիրառման բացակայությունից, ի՞նչ ասեմ, հանրահավաքների ազատության իրավունքից, բոլոր խախտումներն արձանագրել է։ Դրա օրինակն է Մուշեղ Սաղաթելյանի գործը», - ընդգծեց Սեդա Սաֆարյանը։

Օրերս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակված ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, շաբաթ օրը ասուլիսի ժամանակ հայտարարեց նախկին նախագահի փաստաբանը։ 2008-ին Արշակ Կարապետյանը ընդգրկված է եղել հայտնի 0038 հրամանով ձևավորվող Երևանի կայազորի պետի վարչակազմում, ավելին՝ եղել է այդ կայազորի պետ Յուրի Խաչատուրովի տեղակալ՝ հատուկ հանձնարարությունների գծով։

«Պարոն Քոչարյանը պնդում է, որ ակնհայտ սուտ ցուցմունք է տրված, դրա համար էլ եղել է փորձ՝ առերեսեն իրենց, որը ձախողվել է», - ասաց Ալումյանը՝ շարունակելով․ - «Էդպիսի նշանակումներով խրախուսվում է որոշակի վարքագիծ քրեական գործի շրջանակներում։ Այսինքն՝ պայմանով, որ քրեական գործի շրջանակներում այս կամ այն անձը որոշակի վարքագիծ կդրսևորի, իրեն տալիս են որոշակի արտոնություններ։ Ես էդպիսի դեպքեր, ցավոք, տեսել եմ՝ հատկապես էն գործերով, որտեղ կա քաղաքական կոմպոնենտ»:

Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղար Արման Եղոյանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց․ - «Որևէ քրեական գործով ձեռք բերված ապացույց չի կարող որևէ ազդեցություն ունենալ վարչապետի կադրային նշանակումների վրա՝ դա միանշանակ է, դա գիտեն բոլորը»:

Երկրորդ նախագահի փաստաբանը այսօր զուգահեռներ անցկացրեց 2008 թվականի մարտիմեկյան դեպքերից հետո «7-ի գործով» դատապարտված Ալեքսանդր Արզումանյանի և Ռոբերտ Քոչարյանի գործերի միջև՝ պնդելով, որ իրավապահ մարմինները երկակի ստանդարտներով են առաջնորդվել։ Բանն այն է, որ Քրեական օրենսգրքում 300.1-րդ հոդվածը՝ սահմանադրական կարգի տապալում, որով այսօր մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը, 300-րդ հոդվածի տրոհման արդյունքում ավելացվել է 2009 թվականի մարտի 18-ին։ Օրենքով՝ մեղադրյալի վիճակը վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի։ Փաստաբանների գնահատմամբ՝ փոփոխությունը վատթարացնում է Քոչարյանի վիճակը, քննիչների գնահատմամբ՝ չի վատթարացնում։

«Ուրեմն, Ալեքսանդր Արզումանյանի հոդվածը չվերաորակվեց 300․1 հոդվածի, ոչ էլ՝ 300 հոդվածի: Ինչու՝ որովհետև դատախազությունը համարեց, որ ներկայում գործող, այսինքն՝ 2009 թվականից մինչև էսօր գործող 300-րդ և 300․1-րդ հոդվածները 2008 թվականին գործող 300-րդ հոդվածի համեմատ վատթարացնում են մեղադրյալի վիճակը, և <...> մեղադրողները հրաժարվեցին Արզումանյանի մեղադրանքից հենց էն պատճառով, որ ներկայիս 300․1 հոդվածը և 300 հոդվածը նախորդի համեմատ վատթարացնում է վիճակը պարոն Արզումանյանի», - հայտարարեց Հայկ Ալումյանը:

«Ազատության» հարցին՝ իր այս հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ 2008 թվականի դեպքերից հետո դատապարտված Ալեքսանդր Արզումանյանին, Նիկոլ Փաշինյանին և մյուսներին ազատազրկման դատապարտած դատարաններն ավելի անկախ են եղել, քան այսօր, Քոչարյանի փաստաբանը արձագանքեց․ - «Տարբերություն ես տեսնում եմ էն ժամանակվա ու հիմիկվա դատարանների անկախության հարցում: Էն ժամանակ ավելի քիչ կային դատավորներ, ինչպիսին է, օրինակ, Ալեքսանդր Ազարյանը, էն ժամանակ պատկերացնել, որ դատավորը կարող է դեմ գնալ գործող իշխանությունների հրապարակած կամ չհրապարակված պատվերին, ուղղակի հնարավոր չէր, հիմա կան դատավորներ, որ կարող են իրենց դա թույլ տալ: Բայց ճնշման ինտենսիվությունը դատական համակարգի նկատմամբ ոչ թե նվազել է, այլ, իմ գնահատմամբ, ավելացել է: Ինչու՝ բացի իշխանական լծակներից, որոնք հիմա էլի կիրառվում են, ինչը որ շատ պարզ է հենց էդ հեռախոսային խոսակցություններից, բացի իշխանական լծակներից՝ նաև հիմա ուրիշ ֆենոմեն է առաջացել․ էն դատավորը, որը համարձակվի դեմ գնալ գործող իշխանությունների հրապարակած կամ, ասենք, տողատակերում դրված պատվերին, էդ դատավորը հռչակվում է որպես նախկին կոռումպացված իշխանությունների, հենց վարչապետի բառերով ասեմ՝ ճուտը, հա՞, և ամբողջ հասարակության մոտ ատելություն է սկսում ձևավորվել էդ դատավորի նկատմամբ»:

«Դա հատո՞ւկ է արվում, թե՞ Քոչարյանի վարկանիշով է պայմանավորված», - «Ազատության» այս հարցին Հայկ Ալումյանը պատասխանեց․ - «Ոչ, դա հատուկ է արվում»: