Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ է եղել վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու մասին դատարանի երեկվա որոշումը: Այդ մասին Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը ասաց այսօր Վանաձորում լրագրողների հետ զրույցում:
«Գիտեք, որ ես դատարանների որոշումները չէի ուզի մեկնաբանել, բայց ես ուզում եմ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իսկապես արձանագրեն, որ երբ որ ես ասում եմ, որ դատարանի գործերին չեմ միջամտում, դրա մեջ ոչ մի չափազանցություն չկա», - հայտարարեց Փաշինյանը:
Գեներալի ազատ արձակման դեմ երեկվանից Էջմիածնում անցկացվող բողոքի ակցիաների վերաբերյալ նա ասաց․ - «Ես հասկանում եմ այդ մարդկանց դժգոհությունը և անկեղծ ասած չգիտեմ՝ դատարանը ինչ հիմնավորումներով է այդ որոշումը կայացրել: Երբ որ հասանելի կլինի այդ որոշումը, կծանոթանամ, բայց կարծիք, միևնույն է, էլի չեմ ասի: Իմ կարծիքը այն է, որ քրեական գործի նախաքննությունը ամեն դեպքում պետք է շուտափույթ ավարտվի և դատաքննություն տեղի ունենա՝ սրանից բխող հետևանքներով»:
Հարցին՝ այսինքն, նորմա՞լ է վերաբերվում այն փաստին, որ Էջմիածնում բողոքի ակցիա է տեղի ունենում, Փաշինյանը արձագանքեց․ - «Դա քաղաքացիների իրավունքն է՝ բողոքի ակցիա իրականացնելը, և ուրիշ ի՞նչ պիտի ես ասեմ»:
Վարչապետի պաշտոնակատարը դրական պատասխանեց հարցին, թե իր համար անակնկա՞լ որոշում էր դատարանի այդ որոշումը․ - «Այո, ճիշտն ասած»:
Լրագրողի հարցին էլ՝ բացառո՞ւմ է արդյոք այդտեղ դատական համակարգի վրա «ոչ թե պետական ապարատից, այլ այլ ճնշումներ», Փաշինյանը արձագանքեց․ - «Ես էդ մասին նախկինում ասել եմ արդեն: Ես ասել եմ, որ պետությունը, մենք, կառավարությունը, էսպես ասած, ճնշումներ չի գործադրում դատական համակարգի վրա, բայց ես համոզված չեմ, որ ինչ-որ հին մեխանիզմներ չեն գործում՝ հին կապեր, և այլն, և այլն, որովհետև էս դատական համակարգի ծագումնաբանությունը բոլորս գիտենք: Բայց ես նաև չեմ ուզում որևէ դատավորի անմեղության կանխավարկածը խախտեմ: Որովհետև եթե մենք ուզում ենք դատական համակարգը անկախ լինի, նաև պետք է ընդունենք, որ միշտ չի, որ քննչական մարմնի, մեղադրող կողմի և դատարանի կարծիքները կհամընկնեն»:
«Էն որոշումները, որոնք կայացվել են օրինական և հիմնավորված, էդ որոշումները ուղղակի պետք է ընդունել ի գիտություն և գնալ առաջ: Բայց եթե Դուք հարց եք տալիս, գլոբալ առումով, ես ոչ թե ուզում եմ որևէ կոնկրետ դատավորի անմեղության կանխավարկածը խախտել, գլոբալ առումով՝ այո, մենք բոլորս ունենք մտավախություններ: Բայց մեր քաղաքացիները պետք է համոզված լինեն հետևյալում՝ որ երբ որ մենք ասում ենք, որ մենք դատական ակտերին, գործերին չենք միջամտում, դա ձև չենք անում, իրոք ամեն ինչ հենց էդպես էլ կա, և որևէ մեկը չի կարող հակառակը ապացուցել», - հայտարարեց Հայաստանի կառավարության ղեկավարը:
«Էս պրոբլեմները ընդհանուր առմամբ պետք է քննարկենք, բայց պետք է համբերատար լինենք: Օրինակ, եթե պարզվի, որ սա ինչ-որ ապօրինի ազդեցության արդյունք է, ես, բնականաբար, շատ կտխրեմ, եթե պարզվի, որ սա դատարանի անկախության արտահայտություն է, ես շատ կուրախանամ: Ես չէ, ով որ իրավասություն ունի, նա՛ պետք է ուսումնասիրի, այսինքն՝ իրավասություն ունեցող մարմինները պիտի ուսումնասիրեն ըստ անհրաժեշտության», - շեշտեց Փաշինյանը՝ հավելելով․ - «Ես ձեզ ասեմ, օրինակ՝ Մանվել Գրիգորյանի ազատ արձակումը ինձ էլ էնքան հաճելի չի, ոչ թե էնքան՝ հաճելի չի, բայց եթե դատարանը կայացրել է հիմնավորված որոշում, էդ որոշումը պետք է ուղղակի [ընդունել ի գիտություն]»:
Ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ մեղադրվող Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամի դիմաց ազատ արձակելու որոշումը դատարանը կայացրեց երեկ, նույն օրը գեներալը ազատ արձակվեց «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից:
Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը «Ազատության» հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ գրավով ազատ արձակելու՝ դատավորի որոշման համար հիմք է հանդիսացել իր պաշտպանյալի առողջական ծանր վիճակը։
Էջմիածնում երեկվանից բողոքի ցույցեր են անցկացվում դատարանի որոշման դեմ, քաղաքացիները փակել են Էջմիածին-Երևան ավտոմայրուղին:
Պուտինի հետ քննարկվելու են «բոլոր հարցերը մեր հարաբերությունների»
«Ազատության» հարցին՝ ի՞նչ է քննարկելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հաջորդ շաբաթ կայանալիք այցի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը արձագանքեց․ - «Ամեն ինչ՝ բոլոր հարցերը մեր հարաբերությունների»:
«Գազի գնի մասին քննարկում լինելո՞ւ է», - այս հարցին նա պատասխանեց․ - «Բոլոր, բոլոր հարցերը, այո»:
Փաշինյանը վստահեցրեց, թե տեղեկատվություն չունի, որ գազը պետք է թանկանա: «Մենք պայմանավորվել ենք, որ պետք է էդ հարցը քննարկենք», - նշեց նա, «Ազատության» հարցին էլ՝ «այսինքն, նվազեցման մասին պնդումներ կլինե՞ն, հնարավոր համարում ե՞ք», արձագանքելով․ - «Ես հիմա չեմ ուզում որևէ կանխորոշող բան ասեմ, հույս ունեմ, որ բանակցությունները հաջող կընթանան»:
«Կոնսենսուսը ավելի կարևոր է ՀԱՊԿ բովանդակության, քան գլխավոր քարտուղարի հարցով»
«Ազատության» մեկ այլ հարցի՝ Հայաստանը դեռ շարունակո՞ւմ է պնդել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը իր ներկայացուցիչը պետք է լինի, կառավարության ղեկավարը պատասխանեց․ - «Մենք ասել ենք, որ մենք ունենք թեկնածու, և հարցը պետք է որոշվի կոնսենսուսով, և մենք պետք է փորձենք հասնել կոնսենսուսի: Եվ ընդհանուր առմամբ, ես ասել եմ նաև նախկինում, որ էնպես չի, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը ընդմիշտ վերապահված է Հայաստանի Հանրապետությանը՝ դա ռոտացիոն սկզբունք է, այսինքն՝ մեր ժամկետը ինչ-որ պահի պետք է ավարտվի, մեզ համար խնդիրը գլխավոր քարտուղարի պաշտոնը և կարգավիճակը չէ, մեզ համար խնդիրը ՀԱՊԿ բովանդակությունն է և, ինչպես նախկինում ասել եմ, փոխադարձ պարտավորությունների հստակեցումը, ճշգրտումը և այս հարցի շուրջ կոնսենսուսի հասնելը»:
«Խնդիրը ավելի խորն է, բովանդակային, և ես, անկեղծ ասած, գոհ եմ այս ընթացքում տեղի ունեցած էդ քննարկումից, և տեղի ունեցող և տեղի ունենալիք, որովհետև շատ բաց, անկեղծ քննարկումներ են տեղի ունեցել, ինչը երբեք ՀԱՊԿ-ում տեղի չի ունեցել, և մենք պետք է նաև մեր անվտանգային միջավայրը հասկանալով՝ ինքներս մեզ և ուրիշները հարցին պատասխանենք՝ մենք ՀԱՊԿ-ին պետք է լուրջ վերաբերվե՞նք, թե՞ լուրջ չպետք է վերաբերվենք: Եվ սա կարևոր արձանագրում է, և, իհարկե, մենք էս թեմաները քննարկելու ենք», - հայտարարեց Փաշինյանը:
«Կոնսենսուսը ավելի կարևոր է ՀԱՊԿ բովանդակության, քան գլխավոր քարտուղարի հարցով: Մենք միշտ էլ կառուցողական ենք եղել և կլինենք կառուցողական՝ հույս ունենալով, որ նույնպիսի կառուցողական․․․ Մենք ուրիշներից ավելին չենք ուզում, քան ինքներս պատրաստ ենք անել՝ սա շատ կարևոր արձանագրում է», - շեշտեց նա:
«Բելառուսի թեկնածուն շրջում է ՀԱՊԿ անդամ երկրներում, բայց Հայաստան դեռ չի եկել: Դո՞ւք ցանկություն չեք ունեցել հանդիպելու», - լրագրողներից մեկի այս հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ - «Էս պահին, քանի դեռ քննարկումները շարունակվում են, նպատակահարմար չենք գտել մենք, այո: Մենք ոչ թե մերժել ենք՝ ասել ենք, որ այս փուլում նպատակահարմար չէ, և քննարկումները կշարունակվեն»:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ ստորագրել է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը, ըստ որի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվելու երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը: Վերջինս այցելել է ՀԱՊԿ անդամ երկրներ՝ բացի Հայաստանից:
«Մտադիր ենք Իրանի հետ մեր ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հարաբերությունները զարգացնել»
Հայաստանի կառավարության ղեկավարը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև Իրանի հետ հարաբերություններին՝ հայտարարելով․ - «Մենք շատ շահագրգռված ենք, որ Իրանից նոր ներդրումներ հոսեն դեպի Հայաստան, զբոսաշրջիկներ գան: Եվ ընդհանրապես, ենք մտադիր ենք Իրանի հետ մեր ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հարաբերությունները զարգացնել, խորացնել, և դրա համար կան բոլոր նախապայմանները Հայաստանում, և մենք տրամադրված ենք կառուցողական, և հույս ունեմ, որ նաև մեր բարձր մակարդակի փոխայցելություններով այդ քաղաքական և տնտեսական ֆոնը կամրապնդվի»:
Ապրիլյան պատերազմի վերաբերյալ «շատ հարցեր կան»
«Ազատության» հարցին՝ «Ձեր վերջին հայտարարությունը՝ ապրիլյան պատերազմի ընթացքում հետախուզական տվյալների վերաբերյալ, մեծ արձագանք ստացավ, արդյո՞ք դա նշանակում է, որ ուսումնասիրություններ կսկսվեն և քննություն կսկսվի ապրիլյան պատերազմի վերաբերյալ», Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ - «Ապրիլյան պատերազմի վերաբերյալ նաև էս վերջին շրջանի քննարկումները ցույց տվեցին, որ շատ հարցեր կան, և էդ հարցերը առաջին օրից ինձ էլ են շատ հետաքրքրել և հուզել, և էսօր էլ ես դրանով զբաղվում եմ, որովհետև դա շատ կարևոր է նաև հետագայի համար: Բայց այն, ինչ որ ասել եմ, դա իրողություն է»:
Օրեր առաջ վարչապետի պաշտոնակատարը մասնավորապես հայտարարել էր․ - «Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր, և այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին»։
«Ժողովրդից ստացել եմ մանդատ այդ պրոցեսը իրականացնելու համար»
Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների աշխատակիցների երեկվա բողոքի ակցիայի առնչությամբ կառավարության ղեկավարը հայտարարեց․ - «Ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել մի բանի վրա, որ նախընտրական քարոզչության ընթացքում ես արտահայտել եմ, որ պետք է նախարարությունների թիվը կրճատվի, և ըստ էության ժողովրդից ստացել եմ մանդատ այդ պրոցեսը իրականացնելու համար»:
Փաշինյանին այլ բան է անհանգստացրել՝ «Մշակույթի նախարարության ներկայացուցիչների հայտարարությունը, երբ որ նրանք ահազանգում էին, ասում էին՝ մի կրճատեք, որովհետև մշակույթը միշտ եղել է հայ ժողովրդի այցեքարտը»․ - «Էդ արդեն շատ վատ ազդակ է: Այսինքն՝ Մշակույթի նախարարությունը ինքը իրեն հայ մշակույթի հետ նույնացնո՞ւմ է: Ուզո՞ւմ եք՝ էքսպերիմենտ անենք, երեք ամիս կամ հինգ ամիս, վեց ամիս թող գործադուլ անեն՝ տեսնենք մշակույթի կյանքում ինչ-որ բան տեղի կունենա՞»:
«Նախագիծը դրված է շրջանառության մեջ, ոչ մի նախարարություն չի կրճատվի՝ նախարարությունները կվերակազմակերպվեն», - նշեց կառավարության ղեկավարը՝ դիտարկմանն էլ, որ գործազուրկների թիվը կավելանա, հակադարձելով․ - «Կներեք, բայց պետական կառավարման համակարգի համար վճարում են հարկատուները, և հարկ վճարողները կարող են հույս ունենալ, որ իրենց գումարները ծախսվում են առավել արդյունավետ: Որովհետև մենք էսօր, ամեն ընտրությունից հետո ով ում համար, էսպես ասած, չորս ձայն է բերել, հինգ ձայն է բերել, տարել են մի տեղ մի հատ պաշտոնի են դրել, և էդ պետական կառավարման համակարգը ուռճացել է, դարձել եսիմ ինչ»:
«Հայաստանում աշխատանք ասելով ոսվորաբար հասկացել են՝ պետական մի հատ գործ լինի, գնան էդ պետական գործի, աշխատեն: Ոչ, մենք հնարավորություն ենք ստեղծում, որ ամեն մարդ ինքը իր համար աշխատանք ստեղծի, եթե այլ առաջարկ իրեն չկա», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: