Ակտիվիստից՝ քաղաքական գործիչ. «Որտեղից սկսեցինք և ուր հասանք»

Հայաստան - Բողոքի ակցիան ԿԸՀ շենքի դիմաց, 19-ը փետրվարի, 2013թ․

Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում ավելի քան 11 հազար ձայն ստացած «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լենա Նազարյանը 2013 թվականի փետրվարին նախագահական ընտրությունների ժամանակ որպես դիտորդ պայքարում էր քաղաքացիների քվեներն ու քվեարկության արդյունքները պահելու համար։

«Ես ուզում եմ ցույց տալ մի լուսանկար, որ ես արեցի այդ ընտրատեղամասում, որտեղ շատ հստակ երևում է, որ քվեատուփը լցոնված է, 2013 թվականի նախագահի ընտրությունների ժամանակ։ Ես շատ վրդովված վերադարձա Երևան, և ինձ նամակ գրեց իմ ընկերներից մեկը՝ Օլյան Ազատյան, և ասաց, որ, արդեն կանխատեսելով՝ միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները ինչ գնահատական էին տալու, առաջարկեց ընթերցել այլընտրանքային հայտարարություն», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Լենա Նազարյանը։

Ճանապարհին Լենա Նազարյանին միանում են նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները։ Նրանց թվում էր նաև Կարեն Հարությունյանը, ով այս ընտրություններին «Քաղաքացու որոշում» կուսակցության պատգամավորի թեկնածուներից էր։

«Մի խմբով, Լենան էլ չէր, մի խումբ կար, որ էդ տեքստն էր գրել, մենք էդ ժամանակ ԿԸՀ-ի դիմաց էինք ակցիաներ անցկացնում, մենք իմացանք, որ ասուլիս է, մի քանի հոգով ԿԸՀ-ից եկանք էստեղ։ Գնահատականները, էս ակցիաները էդ պայքարի ճանապարհին կարևոր դեր են խաղացել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հարությունյանը։

«Այդտեղից սկսվեց իմ ընթացքը, քաղաքական շրջադարձը, որովհետև ես հասկացա, որ որպես դիտորդ ես շատ քիչ ազդեցություն ունեմ այս ընտրական գործընթացների վրա և պետք է ավելի նախաձեռնող լինեմ, ավելի մեծ հանձնառություն ստանձնեմ արդեն որպես վստահված անձ և թեկնածու և նաև միավորվեմ այն քաղաքացիների հետ, որոնք նույն ապրումներն են ունեցել այդ կեղծված ընտրությունների արդյունքում», - ընդգծեց Լենա Նազարյանը։

Հինգ տարի անց արդեն միջազգային դիտորդները հետևում են պատգամավորի թեկնածուներ Լենա Նազարյանի և Կարեն Հարությունյանի մասնակցությամբ ընտրություններին։ Այս անգամ միջազգային դիտորդներն աննախադեպ դրական գնահատական տվեցին ընտրություններին՝ առաջին անգամ արձանագրելով, որ դրանք անցել են ազատ, առանց ճնշումների, վայելել են ժողովրդի վստահությունը։

«Իհարկե, հավատում էի, որ մի օր մենք էլ կունենանք ազատ և արդար ընտրություններ, և շատ ուրախ եմ, որ ես ինքս եմ մասնակցել նաև այս երազանքի իրականացմանը», - ասաց «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն։

«Հիմա որ նայում ենք՝ էդ ճանապարհն է բերել այսպիսի ընտրությունների հնարավորությանը։ Ես կարդացի նախնական զեկույցից մի հատված, որտեղ նշում էին, որ այս ընտրությունները հանրության լայն շրջանակների վստահությունն են վայելում, ինչը չկար՝ ես չեմ հիշում, որ նման գնահատական տրվեր նախորդ ընտրությունների ժամանակ։ Այսինքն, սա ամենակարևոր գնահատականն էր, որ այս ընտրություններում գոյություն ունի», - ասաց Հարությունյանը:

«Կարծես թե ամեն ինչ ընկավ իր տեղը այս ընտրություններով․ և՛ իրականությունն է համապատասխանում զեկույցին, և՛ զեկույցն է համապատասխանում իրականությանը», - նշեց Նազարյանը:

Ակցիայից հինգ տարի անց՝ արդեն պատգամավորի թեկնածուի կարգավիճակում, Լենա Նազարյանը և Կարեն Հարությունյանը հանդիպել են միջազգային դիտորդական առաքելության ներկայացուցիչներին։ Իրենց 5-ամյա վաղեմության բողոքի ակցիայի մասին, սակայն, դեռ չեն զրուցել։

«Եթե առիթ լինի, կպատմեմ։ Բայց ես կարծում եմ՝ իրենց համար էլ, որպես մարդ, իհարկե, միշտ ավելի հարմար է ասել ճշմարտությունը և ասել լավ բաներ: Եվ շատ ուրախ եմ հիմա, որ իսկապես նրանք արձանագրում են այն, ինչ տեղի է ունեցել՝ համարելով, որ այսպիսի ընտրություններ Հայաստանում երբեք չեն եղել, և դա իրականություն է», - ասաց Նազարյանը։

«Իրանք եկել են մեր գրասենյակ, ու այդ զգացողությունը կար, որ մի քանի տարի առաջ մենք իրանց հետ համաձայն չէինք, հիմա իրանք եկել են, արդեն մենք ենք մասնակցում ընտրություններին, բայց մենք էլ հենց մասնակցում ենք ընտրությունների, որովհետև էն ժամանակվա ընտրությունները չէինք համարում ընտրություն որպես այդպիսին, դրա համար էն ժամանակ չէինք էլ փորձում մասնակցել կամ գործընթացներին թեկուզ մասնակցել։ Հիմա մենք տեսանք, որ փոխվել է ու դրա հնարավորությունը կա, ու մենք կարող ենք արդեն ընտրության միջոցով փորձել քաղաքականության վրա ազդեցություն ունենալ», - ընդգծեց Հարությունյանը։

Հինգ տարի առաջ միասին բողոքի ակցիայի մասնակցող քաղաքական ակտիվիստները այս ընտրություններին մասնակցեցին տարբեր կուսակցությունների ցուցակներով, սակայն ասում են՝ բարիկադների տարբեր կողմերում չեն, այլևս բարիկադներ էլ չկան, իրենք էլ արդեն իրենց տեղերում պայքարելու են, որ ժողովրդավարությունը Հայաստանում ամրապնդվի։

Կարեն Հարությունյանը ասաց. - «Հիմա մենք նայում ենք ավելի շատ քաղաքական, գաղափարական իմաստով, թե ինչպիսին պետք է լինի Հայաստնաը»։

«Ազատության» հարցին՝ «այն ժամանակ Դուք ակցիայի էիք պատրաստվում, այդ հայտարարության տեքստն էիք մշակում, հիմա՞ ինչ եք անում», Լենա Նազարյանը պատասխանեցին. - «Հիմա պատրաստվում ենք նոր խորհրդարանի աշխատանքները կազմակերպել։ Ես աշխատակազմի ղեկավարի տեղակալի հետ քննարկում էի այն տեղերը, որ կբաշխվեն խմբակցությունների միջև լիագումար նիստերի դահլիճում։ Եվ հետաքրքիր փոխակերպում տեղի ունեցավ իրականում՝ որտեղից սկսեցինք և ուր հասանք»: