Առաջիկա օրերին ձևավորվելիք խորհրդարանը կունենա ամենաերիտասարդ կազմը նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Իշխող ուժի՝ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածուների հասցեին հաճախ է հնչում քննադատություն, թե երիտասարդ են ու անփորձ:
«Այո, անփորձ ենք կոռուպցիոն սկանդալներում ներգրավված լինելու հարցում, անփորձ ենք 877 հազար քաղաքացիների աղքատության հասցնելու հարցում, անփորձ ենք 374 հազար քաղաքացիների վերջին 10 տարում «Զվարթնոց» օդանավակայան ճանապարհելու հարցում և միշտ լինելու ենք անփորձ», - այսպես է հակադարձում «Իմ քայլը» դաշինքի անդամ Արեն Մկրտչյանը իրենց քննադատներին: - «Հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 25 տարի թալանվել և հարստահարվել են, կեղեքվել են, հիմա, բնականաբար, հույսեր են կապում իրենց կողմից տրված նոր ուժի հետ, որին նաև այս հրապարակից գործուղել են կառավարության մասնաշենք և մենք անելու ենք հնարավորը՝ նրանց հույսերը արդարացնելու համար»:
Արեն Մկրտչյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնականն է կոռուպցիայի դեմ պայքարի մասով: Արտահերթ ընտրություններում առաջադրվել էր Լոռու մարզում, ստացել ավելի քան 8 հազար ձայն: Դեռ վերջնական որոշում չկա ինքնաբացարկ կհայտնի, թե գործադիրում կշարունակի պաշտոնավարել:
«Սպասվում են քննարկումներ, որի արդյունքում կլինի վերջնական որոշումը, բայց միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ որոշման հիմքերից մեկը պետք է լինի ինձ անձնապես 8,179 լոռեցիների տված քվեն», - նշեց նա:
Փաշինյանի 26-ամյա օգնականը համաձայն չէ այն մեկնաբանությունների հետ, թե անկախ Հայաստանի ամենաերիտասարդ խորհրդարանում չկա ընդդիմություն և «Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններն իշխանությանը քննադատելիս կաշկանդված են:
«Ամեն դեպքում, հետագա ընդդիմադիր ուժերի հետագա գործունեությունը ցույց կտա իրենց անկաշկանդվածությունը: Բնականաբար, ինչպես ընդունված է ասել՝ իրավիճակ է փոխվել և այսուհետ Հայաստանի Հանրապետությունում բոլոր ընդդիմադիր գործիչները և քաղաքացիները ազատ են հայտնելու իրենց տեսակետները», - նշեց Մկրտչյանը:
«Իմ քայլը» դաշինքի մեկ այլ անդամ՝ Ռուբեն Ռուբինյանը, իրենց ունակություններին կասկածող քննադատներին մատնացույց է անում դեկտեմբերի 9-ին ընտրողների ավելի քան 70 տոկոսի վստահության քվեին արժանանալը, ինչպես նաև հետհեղափոխական կառավարության ավելի քան յոթ ամիսների աշխատանքը:
«Ինչ վերաբերում է ինչ֊որ խմբերի թերահավատությանը, երևի նորմալ է, որ տարբեր խմբեր կարող են թերահավատություն ունենալ: Բայց ես այդ ամեն ինչի գնահատականը թողնում եմ հանրությանը՝ արդյո՞ք այս ամենաեիրտասարդ կառավարությունը վերջին 7 ամիսներին ավելի վատ էր աշխատում, քան սուպերփորձառու կոռուպցիոներները, որոնք աշխատում էին սրանից առաջ տասնամյակներով», - ասում է նա:
Ռուբեն Ռուբինյանը արտաքին գործերի նախարարի տեղակալն է: Որոշվել է՝ տեղափոխվելու է խորհրդարան և ղեկավարելու է Ազգային ժողովի արտաքին հարցերի հանձնաժողովը:
«Մեր խմբակցության անդամներից շատերը, բայց ոչ բոլորը, այո, երիտասարդ են: Խմբակցության կազմում կան նաև բազմաթիվ փորձառու մարդիկ: Կան բազմաթիվ տարեց փորձառու մարդիկ, կան բազմաթիվ երիտասարդ փորձառու մարդիկ, կան բազմաթիվ միջին տարիքի փորձառու մարդիկ: Բոլորն անխտիր ազնիվ են, բոլորը (ինչը ամենակարևորն է) ընտրվել են իրապես, և սա վերջին տասնամյակների համար նորույթ է, որ մենք վերջապես ունենք ընտրված պատգամավորներ, որոնք կաշկանդված չեն ոչ մի բիզնես շահով կամ ոչ մի կլանային շահով», - ասում է Ռուբինյանը: