Քաղաքապետ Հայկ Մարությանի խոսքով՝ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ժամանակ սկսված ծրագրում ամեն ինչ հարթ ու հստակ չէ, սակագնի, նաև ուղևորահոսքի հետ կապված հարցեր են առաջացել․ - «Իրենք իրենց հիմքում ունեն ուղևորահոսքը, որի հիման վրա իրենք ստացել են իրենց հաշվարկը: Այդ հաշվարկը արված է 2014 թվականին: Եվ մեր թիմը հարց է բարձրացրել՝ արդյո՞ք իրենց նշած ուղևորահոսքը համապատասխանում է այսօրվա մեր ուղևորահոսքին: Եվ իրենք չեն կարողանում այս հարցին պատասխանել: Իրենք ասում են՝ մեզ պետք է հավելյալ ուսումնասիրություն»:
Բրիտանական խորհրդատուն նոր ուսումնասիրություն կանի, կներկայացնի, իսկ վերջնական պատկերը պարզ կդառնա հունվարի վերջին։
Հեղափոխությունից հետո քաղաքային իշխանություն ձևավորած «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչը անգամ չի բացառում, որ տարիներ շարունակ մշակված ու հազարավոր եվրոների արժողությամբ նոր տրանսպորպային ցանցի ծրագիրը կարող է առհասարակ մի կողմ դրվել․ - «Ինձ մոտ առաջացավ այսպիսի մի միտք, որ միգուցե նախորդ իշխանությունները անում էին այս հետազոտությունը ուղղակի անելու համար, որ ասեն՝ տեսեք, ուզում ենք անենք տրանսպորտային ինչ-որ նոր համակարգ, տեսեք, մենք ուզում ենք լավ բան անենք, բայց չստացվեց․․․ Որովհետև գծատերեր կան, որոնք իրենց հետ շաղկապված են, հենց իրենք գծեր ունեն․․․ էդ գծերը կորցնելով, իրենք կորցնում են շատ մեծ գումարներ: Մյուս կողմից, իրենք չէին կարողանում չկատարել հանրության այս պահանջը, և ուսումնասիրություն են պատվիրել»:
Նոր քաղաքային իշխանությունը մտադիր է նաև երկրորդ օպերատոր ներգրավվել Երևանի աղբահանության ոլորտում։ Սա Մարությանի նախընտրական խոստումներից էր։ Երևանի ղեկավարը բացատրում է՝ գործընթացն անցնցում կազմակերպելու ու «Սանիթեքի» հետ դատական քաշքշուկներով չանցնելու համար ժամանակ է պետք։ Բանակցում են, ու թեև «Սանիթեքը» չի ցանկանում զիջել մենաշնորհային դիրքերը, սակայն արդեն կա որոշակի ձեռքբերում երկրորդ օպերատոր ներգրավվելու ուղղությամբ․ - «Ես չեմ ուզում շատ չակերտներ բացեմ, որովհետև դա կխանգարի բանակցային պրոցեսին: Բայց հավատացնում եմ ձեզ, մենք իրենց հետ շատ երկար աշխատելուց հետո եկել ենք նրան, որ իրենք արդեն իրենց բերանով ասեցին, որ՝ մենք կզրուցենք մեր սեփականատերերի հետ․․․ Եվ մենք կսկսենք մտածել երկրորդ օպերատորի մասին: Սա ինչով է լավ, որ մենք չենք գնում դատական պրոցեսի, ինքնակամ կերպով իրենք համաձայնում գալ էս կետին»:
Մարությանն այսօր նաև հայտարարեց, որ մայրաքաղաքի աղբահանության համար պատասխանատու «Սանիթեքը» չունի բավարար շարժակազմ՝ աշխատանքը որակով կատարելու համար․ - «Սա օբյեկտիվ պատճառ է՝ մեքենաներ չունեն: Իրենք գիշեր-ցերեկ են էս պահին աշխատում, որովհետև մենք ենք ստիպում իրենց անընդհատ»:
«Սանիթեքի» թեման շարունակելով՝ քաղաքապետը խոսեց նաև ձնամաքրման աշխատանքներից։ Սա ևս լիբանանյան ընկերության պատասխանտվության տիրույթում է։ Այստեղ Մարությանը կրկին նշեց՝ աշխատուժն ու տեխնիկան չեն հերիքում։
Ու թեև օդերևութաբաններն առայժմ Երևանում ձյուն չեն կանխատեսում, սակայն քաղաքապետարանը, Մարությանի փոխանցմամբ, արդեն հորդորել է «Սանիքթեք»-ին լրացուցիչ աշխատուժ ներգրավվել․ - «Մենք բանակցել ենք «Սանիթեք» ընկերության հետ, որպեսզի նա ունենա սուբպոդրյադներ, որոնք կվերցնեն իրենց վրա այս կամ այն վարչական շրջանը: Մենք նաև բանակցել ենք տարբեր ճանշինների հետ, որպեսզի իրենք իրենց տեխնիկան, որը մեծամասամբ ձմռան ամիսներին չի օգտագործվում, նույնպես տրամադրեն «Սանիթեք» ընկերությանը վարձակալությամբ»:
Մարությանից «Ազատությունը» հետաքրքրեց, թե ինչպես է վերաբերում Երևանի 2019 թվականի բյուջեի նախագծին, որը վերջին օրերին հայտնվել է քննդատության թիրախում։ Ավագանու ընդդիմադիր «Լույս» դաշինքը հրապարակել էր բյուջեի ծախսերը ու արձանագրել, որ, օրինակ, տրասպրոտի, վերելակների մասով հատկացվող գումարները նվազել են, իսկ պարգևատրումներին, աշխատակազմի մասնագիտական վերապատրաստումներին հատկացվող գումարները՝ մի քանի անգամ ավելացել։
Նախորդ տարվա համեմատ մոտ 50 միլիոնով աճել են արտասահմանյան գործուղումների համար նախատեսվող միջոցները։
Մարությանն այս կապակցությամբ ասաց․ - «Քաղաքապետը ընդհանրապես ոչ մի ցանկություն չունի գնալ գործուղման, որովհետև ես էնքան գործ ունեմ, էնքան աշխատանք ունեմ: Բայց եթե կա պրոտոկոլային, ենթադրենք, հրավեր ինչ-որ մի այլ քաղաքի քաղաքապետից, որը ուներ այց մեզ մոտ և էս պահին հրավիրում է մեզ, ու եթե մենք չենք գնում, սա նաև մեր երկրի երեսն է, մեր քաղաքի երեսն է»: