ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարել է, թե կառույցի գլխավոր քարտուղարի նշանակման հարցով նախագիծը պետք է ստորագրեն բոլոր երկրները:
«Փաստաթղթում նոր քարտուղարի նշանակման ժամկետ ամրագրված չէ», - ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության, հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարության խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:
Այսօր ավելի վաղ Բելառուսի պաշտոնական աղբյուրները հաղորդեցին, որ նախագահ Լուկաշենկոն ստորագրել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը՝ իր թեկնածուին՝ Ստանիսլավ Զասին կառույցի գլխավոր քարտուղար նշանակելու մասին: ՀԱՊԿ քարտուղարության խոսնակը պնդել է, թե տեղյակ չէ՝ Լուկաշենկոյից բացի որևէ այլ առաջնորդ ստորագրել է այդ փաստաթուղթը, թե՝ ոչ:
Մինչ այս հաղորդվել էր, որ Բելառուսի թեկնածուն հանդիպումներ է ունեցել կառույցի անդամ բոլոր երկրների իշխանությունների հետ, բացառությամբ՝ Հայաստանի:
Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը նախօրեին հայտարարել էր, որ նման հանդիպում Երևանում նախատեսված չէ: