Երեկ գլխավոր դատախազությունը տարածած պարզաբանմամբ հղում էր արել հայ-ռուսական միջպետական պայմանագրին ու ռուսաստանյան օրենսդրությանը, ըստ որի ռուս զինծառայողը կալանքը կրելու է բազայի տարածքում:
Հարցին, թե ինչու է դատախազությունը հղում անում հայ-ռուսական պայամանագրին ու ռուսաստանյան օրենսդրությանը, Դավթյանն արձագանքեց․ - «Մենք չենք հղում անում, հղում է արվում համաձայնագրում: Համաձայնագրում ուղղակիորեն պահանջ կա նախատեսված: Առաջին բարձրացվող իրավական հարցը հետևյալն է՝ ո՞ւմ իրավազորությունն է գործի քննությունը: Այս հարցի պատասխանը միանշանակ հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետության: Այսինքն, կոնկրետ քրեական գործի, գործով ներգրավված մեղադրյալների դատավարական ճակատագիրը որոշելու է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Հաջորդ խնդիրը հետևյալն է, թե փաստացի մեղադրյալ ռուս զինծառայողը կալանքը որտե՞ղ է կրելու: Եվ էստեղ էլ պարզաբանման մեջ շատ հստակ նշված էր, որ 1997 թվականի համապատասխան համաձայնագրի 8-րդ հոդվածը սահմանում է, որ ռազմաբազային տարածքում դատավարական համապատասխան գործողությունները կարող են կատարվել համատեղ, և կարևորագույն պահանջ-պայման է դրված, որ դրանք չպետք է հակասեն Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը»:
Դիտարկմանը, թե դրանք հակասում են ՀՀ օրենսդրությանը, Դավթյանը հակադարձեց․ - «Բայց մենք հանրահայտ սահմանադրական իրավական նորմ ունենք, չէ՞, որ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը բարձր իրավական ուժ ունեն, քան Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը: Ես մեջբերում եմ դեռևս 1997 թվականին կնքված համապատասխան համաձայնագիրը, որում շատ պարզ ու հստակ ներկայացված է: Բայց մեր համար այսօր ամենակարևորն այն է այդ գործով, որ քննությունն իրականացվի լիարժեք, լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի»:
Դաժան ծեծի հետևանքով մահացած Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, մինչդեռ, պնդում է՝ դատախազության մեջբերած հայ-ռուսական միջպետական պայմանագրի դրույթը կիրառելի չէ այս դեպքում:
4 տարի առաջ յոթ հոգու սպանության մեջ մեղադրվող զինծառայող Պերմյակովին էին ապօրինի պահում ռազմաբազայում, և նույնը, ըստ Սաքունցի, կրկնվում է հիմա․ - «Հանցագործության մեջ մեղադրվող անձի գտնվելը Ռուսաստանի Դաշնության ռազմական բազայի հսկողության ներքո իրավական ձևակերպման տեսակետից հանդիսանում է հակաօրինական: Այսինքն, Ռուսաստանի Դաշնության բազան թաքցնում է իր տարածքում հանցագործություն կատարած անձին, և իր թույլատրությամբ կարող է «համագործակցության շրջանակներում» Հայաստանի Հանրապետության քննչական մարմինը բացատրություն վերցնել այդ անձից Ռուսաստանի Դաշնության բազա մուտք գործելու թույլատրություն ստանալուց հետո: Սա ի՞նչ է նշանակում»:
Դավթյանը, սակայն, չի համաձայնում պնդումներին, թե կրկնվում է Պերմյակովի հետ տեղի ունեցածը՝ ասելով, թե այն ժամանակ ռուս զինծառայողը նաև ռուսական օրենքներով պատժվեց, իսկ այս դեպքն այլ է․ - «Եթե կհիշեք, Պերմյակովը միաժամանակ նաև մեղադրյալ էր ներգրավված Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների վարույթում քննվող քրեական գործով: Այս պարագայում մենք էդ տեսակ իրավիճակ չունենք, մաքուր սա Հայաստանի Հանրապետության իրավազորության է․․․»
Գլխավոր դատախազը ընդունեց, որ ռազմաբազան ևս համարվում է Հայաստանի տարածք, և չի կիսում այն քննադատությունը, որ Ռուսաստանի սահմանադրության 61֊րդ հոդվածն է վկայակոչվում․ - «Վկայակոչմամբ Ռուսաստանի Դաշնության սահմանադրության 61-րդ հոդվածի, որով Ռուսաստանի Դաշնությունն իր քաղաքացիներին չի հանձնում: Բայց չպետք է մոռանանք, որ էստեղ մենք բացարձակապես այդպիսի ինստիտուտի հետ անելիք չունենք»:
«Ռուսական ռազմաբազան կարելի է ասել նախադեպ է ստեղծում իր զինծառայողների համար», - ասում է Արթուր Սաքունցը՝ հավելելով․ - «Մի խայտառակ օրինաչափություն ենք տեսնում, որ Ռուսաստանի Դաշնության ռազմական բազայի զինծառայողները կարող են հանցագործություններ կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ և թաքնվել Ռուսաստանի Դաշնության բազային տարածքում և կարող են չհայտնաբերվել»:
57-ամյա Ղուկասյանը դաժան ծեծի էր ենթարկվել դեկտեմբերի 2-ի վաղ առավոտյան, աշխատանքի գնալու ճանապարհին և մահացել հիվանդանոցում։ Նրա իրավահաջորդի՝ դստեր ներկայացուցիչներ վարույթն իրականացնող մարմնին մի շարք միջնորդություններ են ներկայացրել՝ գործի նյութերին, ձերբակալման ու կալանավորման որոշումներին ծանոթանալու համար: