Այն, ինչ ոմանց համար բիզնես է, մեր ժողովրդի համար մահացու գործիք է. Աննա Նաղդալյան

Հայաստանը կոչ է անում Ադրբեջանին սպառազինություն վաճառող երկրներին՝ վերանայել իրենց գործելաոճը։

Հայաստանը կոչ է անում Ադրբեջանին սպառազինություն վաճառող երկրներին՝ վերանայել իրենց գործելաոճը, որովհետև, ինչպես այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, «այն, ինչ ոմանց համար բիզնես է, մեր ժողովրդի համար մահացու գործիք է»:

«Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը մշտապես բարձր է գտնվում մեր օրակարգում: Դրա մասին վերջերս նաև բարձրաձայնել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը ԵԱՀԿ նախարարական համաժողովի ժամանակ՝ նշելով, որ սպառնալիքների նվազեցման միջոցները պետք է առաջնային նշանակություն ունենան նաև ԵՀԿ մասնակից երկրների քաղաքականությունում։ Նախարարը նշել է, որ զենքի վաճառքը և մատակարարումը ուղղակիորեն նպաստում են դրա կիրառմանը և դրա սպառնալիքի կիրառման աճին, և մասնակից պետություններ պետք է այս առումով վերանայեն իրենց գործելաոճը։ Գիտեք, պետք է արձանագրենք, որ այն, ինչ ոմանց համար բիզնես է, մեր ժողովրդի համար մահացու գործիք է», - նշեց Նաղդալյանը։

ՀԱՊԿ գծով Հայաստանի դաշնակիցներ համարվող Ռուսաստանն ու Բելառուսը հանդիսանում են Ադրբեջանին սպառազինություն վաճառող հիմնական երկրները: Այս սեպտեմբերին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ հայտարարեց, որ Բաքուն Մոսկվայից արդեն իսկ գնել է հինգ միլիարդ դոլարի սպառազինությունը ու «այդ թիվը կշարունակի աճել»:

Ռուսաստանից աշխատում է հետ չմնալ Բելառուսը․ այս տարի Մինսկը Ադրբեջանին վաճառեց Полонез տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, որոնց հեռահարությունը հասնում է 200 կիլոմետրի:

Նոյեմբերին Իլհամ Ալիևի՝ Բելառուս կատարած այցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ երկու երկրները առաջիկայում սպառազինության առքուվաճառքի մասին նոր համաձայնագիր կկնքեն:

Նաղդալյանը նշեց նաև, որ սպազինության մրցավազքը ուղղակիորեն հանգեցնում է անկայունության աճին. - «Այս հարցը բարձրաձայնվում է Արտաքին գործերի նախարարության տարբեր մակարդակներում մեր գործընկերների հետ հանդիպումներում և բազմակողմ հարթակներում։ Եվս մեկ անգամ պետք է ընդգծեմ, որ մեզ համար սկզբունքային դիրքորոշում է, որ սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանում պետք է կանխվի, բայց այստեղ մեկ ավելի կարևոր դիտարկում կա, որը բազմիցս շահարկման առարկա է դարձել։ Մեր այս հայտարարությունը երբևէ չպետք է շփոթել կարողությունների կամ վճռականության պակասի հետ։ Մենք վստահորեն կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ունեն բարձր պատրաստվածություն, վճռականություն և ռազմատեխնիկնական հագեցվածություն՝ երաշխավորելու Հայաստանի և Արցախի անվտանգությունը»։

Հայաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը անդրադարձավ նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակին։ «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը վերջնական լուծում չի գտել, որպեսզի մենք կարողանանաք կարծիք հայտնել ինչ-որ մի անձնավորության առնչությամբ», - ընդգծեց Նաղդալյանը։

Ի դեպ, Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասն, ում թեկնածությունն է առաջ քաշում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, անցած օրերին այցելեց ՀԱՊԿ անդամ Ղազասխատն, Ղրղզստան և Տաջիկստան: Բոլոր երեք երկրների նախագահներն էլ հայտարարեցին, թե սատարում են Զասի թեկնածությունը:

Հարցին, սպասվու՞մ է արդյոք, որ Զասի այցելի Երևան, արտգործնախարարության խոսնակը պատասխանեց. «Այս պահի դրությամբ Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի այց Հայաստան չի ծրագրվում, չի նախատեսվում, իսկ թե ի՞նչ փուլում են բանակցությունները, ինչպես գիտեք գործընթացը ընթանում է։ Ես ասեցի, որ գլխավոր քարտուղարի շուրջ հարցը վերջնական լուծում դեռևս չի ստացել, որպեսզի ձեզ կարողանամ ավելի մանրամասն որևէ ինֆորմացիա տրամադրել»։