Դեկտեմբերի 9-ին անցած ընտրություններում ավելի քան 70 տոկոս վստահության քվե ստացած «Իմ քայլը» դաշինքը այսօր երեկոյան հրավիրած նիստում որոշել է Ազգային ժողովի խոսնակի պաշտոնում առաջադրել առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի թեկնածությունը, փոխխոսնակներ կառաջադրվեն Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը: Այս մասին նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանը հավելեց, որ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրվել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի թեկնածությունը, իսկ խմբակցության քարտուղարը կլինի Հակոբ Սիմիդյանը:
«Իմ քայլը» դաշինքը նաև որոշել է թեկնածուներ առաջադրել ԱԺ 10 հանձնաժողովներ ձևավորելու համար: Ինչ վերաբերում է ապագա Կառավարության կազմին՝ պատգամավորության թեկնածություն առաջադրած գործող պաշտոնյաների, մարզպետների հետագա պաշտոնավարմանը, Ալեն Սիմոնյանն ասաց՝ «գործադիրի հարցը դեռ որոշված չէ»:
«Այսինքն՝ այստեղ ներկա էին մարզպետներ, կառավարության այլ անդամներ, որոնք միգուցե շարունակեն պաշտոնավարել, և մի գուցե՝ չէ: Ակնհայտ է մի բան, որ վերը նշված անունները արդեն իսկ չեն լինի գործադիրում», - հավելեց Սիմոնյանը, այդուհանդերձ վստահեցնելով, որ ապագա կառավարության կազմը «90 տոկոսով պարզ է»: