Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կքննի Հատուկ քննչական ծառայությունը։
2011-ի նոյեմբերից մինչև 2018 թվականի մայիսը իրավապահ համակարգի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Գասպարյանին այս պահին դեռ մեղադրանք առաջադրված չէ։
Վլադիմիր Գասպարյանի մասին լուրը տարածվեց դեռ երեկ, Քննչական կոմիտեն իր հաղորդագրությունում նշել է, որ հակամրցակցային գործունեություն ծավալելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռք են բերվել տվյալներ, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ոստիկանության նախկին պետը խոստացել է միջամտել և օգնել Երևան - Աբովյան երթուղին իրականացնող «Քինգ Դելյուքս» ընկերության նախկին սեփականատիրոջը՝ վճարովի ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրները լուծելու հարցում, եթե վերջինս Ազգային ժողովի ընտրություններում աջակցի Հանրապետական կուսակցությանը:
Ավելին՝ Գասպարյանը խոստացել է ոստիկանության աշխատակիցների միջոցով խոչընդոտներ ստեղծել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շրջանակներում գործող և նույն երթուղին իրականացնող անվճար ավտոբուսների համար, իսկ «Քինգ Դելյուքսին» աջակցել՝ անգամ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում:
Գասպարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը, մինչդեռ, նախկին ոստիկանապետի անունից հայտարարում է՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նշված տեղեկություններն «ամբողջությամբ սուտ են և զրպարտություն»։
«Դա մի մեծ թյուրիմացություն է կամ պարզապես ակնհայտ սուտ մատնություն։ Մենք համոզված ենք, որ օբյեկտիվ քննությունը դա շատ արագ կպարզի։ Ես չեմ մեղադրում, որ Քննչական կոմիտեն է զբաղված անհեթեթությամբ և սադրանքներով կամ սուտ տարածելով, այդպես չէ։ Բնական է, Քննչական կոմիտեն դա տարածել է՝ ունենալով որոշակի տվյալներ, որոնք կարող են լինել հաղորդման տեսքով, բացատրության, նամակի, դիմումի», - նշեց Վլադիմիր Գասպարյանի պաշտպանը։
Աթանեսյանը նաև պնդեց, թե համապատասխան հիմքերի առկայության դեպքում մեղավոր անձը պետք է ենթարկվի պատասխանատվության ակնհայտ սուտ մատնության համար։
Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, իրավապահ մարմիններին հաղորդում էր ներկայացրել «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ընկերությունների նախկին սեփականատերը, ով «Պալաչ» մականվամբ հայտնի Արթուր Հարությունյանն է։ Վերջինիս հետ կապ հաստատեց չստացվեց։