«Լույս» խմբակցությունը համարում է, որ մայրաքաղաքի 2019-ի բյուջեի նախագիծը ոչ մի առաջընթաց չի ապահովելու

Երևանի քաղաքապետարանում 2019-ի բյուջեի նախագիծը երեկ քննարկվել է մինչև կեսգիշեր։

Հանձնաժողովի նիստի հենց սկզբում ընդդիմադիր «Լույսը» խմբակցությունը հայտարարել է, թե այս նախագիծը ոչ միայն առաջընթաց չի ապահովելու, այլև նույնիսկ Տարոն Մարգարյանի ընդունած 2018-ի բյուջեի համեմատ հետընթաց է։

«Արձանագրել ենք, որ ադմինիստրատիվ ծախսերի էական աճ է նկատվել, էապես աճել են արտասահմանյան գործուղումների բյուջեն, հավելավճարների, այսինքն պարգևավճարների, բոնուսների բյուջեն», - ասաց խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։

Մասնավորապես, Երևանի 2019-ի բյուջեի դեռ չընդունված նախագծում զգալիորեն աճել է պարգևատրումների, ու դրամական խրախուսումների տողը, գումարը նախորդ տարվա համեմատ ավելացել է մոտ 2,5 միլիոն դոլարով՝ հասնելով մինչև 4 միլիոնի։

«Կա աշխատակցի հստակ ֆիքսված աշխատավարձ, ենթադրենք 120 կամ 130 հազար դրամ որևէ աշխատակցի աշխատավարձը։ Երբ իրենք ասում են, որ մենք բոնուսներով կամ այսպիսի գումարներով վերապատրաստման իր տարիֆիկացիան ենք բարձրացնում, հասկանալի է, որ իրենք խոսում են մի մարդու մասին, ով երկար ժամանակ աշխատել է քաղաքապետարանում, ով իր նախնական որակավորմամբ համապատասխանում է շուկայում 120 և 130 հազար դրամ աշխատավարձ ստացողի որակավորմանը», - ընդգծեց Խաժակյանը։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը նույն հարցերը երեկ կեսգիշերին ավատված քննարկման ժամանակ ուղղել է փոխքաղաքապետին՝ ինչո՞ւ չեն բարձրացնում քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը մեկ տարում նրանց 4 միլիոն դոլար, հավելավճարներ տալու փոխարեն։

«Քաղաքապետարանի մոտեցումը հետևյալն է, որ եղած աշխատողներով, այսինքն աշխատանքային ռեսուրսներով այն ծրագրերը, այն պահանջները, որ նոր ավագանին դնում է և դնելու է քաղաքապետարանի առաջ, հնարավոր չի լինելու իրականացնել որակական իմաստով։ Անհրաժեշտ են համարում աշխատողների վերապատրաստման և որոշ չափով լավ աշխատանիքի խրախուսման մեխանիզմներ դնել։ Նրանք համարում են, որ պարգևատրման, այսինքն պարբերաբար գնահատումներ անելու և պարգևատրելու մեխանիզմը ավելի մոտիվացնող է և ավելի շատ կդրդի որակյալ աշխատանք կատարելուն», - ասաց Մելքոմյանը։

Մամուլում վերջին մեկ օրում արդեն բուռն քննադատության արժանացած բյուջեի տարբեր տողեր կրճատման կամ ավելացման մասին պարզաբանմամբ է հանդես եկել նաև Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը․ մասնավորապես, գործուղումների գումարն ավելացրել են, որովհետև մեծացել է քույր քաղաքների հետաքրքրությունը Երևանի նկատմամբ, իսկ իրենք չեն ցանկանում բաց թողնել համագործակցության հնարավորությունները։

«Լույս» խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը հակադարձում է. - «Եվ ի վերջո այս ծախսը մշտապես քննադատվել է դեռ այն ժամանակ, երբ բյուջեն ավելի փոքր էր արտասահմանյան գործուղումների մասով։ Մենք մեղադրում էինք Տարոն Մարգարյանին՝ ասելով, որ նա այդ գումարները վատնում է ճանապարհորդությունների վրա, հիմա ո՞րն է տարբերությունը։ Կարո՞ղ է էն ժամանակ Տարոն Մարգարյանը քույր քաղաքի հետ հանդիպմանը չէր գնում․․․ իհարկե գնում էր, բայց մենք ասում էինք, որ դա անարդյունավետ ծախս է, հիմա էլ ենք նույն բանն ասում»։

«Լույս» դաշինքին անհանգստացրել է նաև տրանսպորտի համար նախատեսված ծախսերի կրճատումը մոտ 4 միլիոն դոլարով, վերելակների հիմնանորոգման բյուջեի կրճատումը՝ մոտ 150 հազար դոլարով և կանաչ տարածքների հիմնման և պահպանման ծախսերի նվազումը ավելի քան 1 միլիոն դոլարով։

«Այս նվազեցումներով հասկանալի է, որ չենք կարողանալու այն ծավալը, որ անհրաժեշտ է լուծել խնդիրները, դրանով բավարարել», - ասաց «Լույս» խմբակցության անդամը։

Երևանի նոր քաղաքային իշխանությանները հակադարձում են՝ վերելակների ֆոնդն ուռճացված էր 3 անգամ, և նույն ծառայությունը կարելի է ձեռք բերել ավելի էժան գնով: Մյուս կողմից նշում են, որ չեն մոռացել իրենց նախընտրական խոստումը՝ փոխելու են վերալակները, բայց դա առանձին ծրագիր է։

Բացի այդ, պնդում են, թե ուռճածված էր նաև կանաչապատման բյուջեն․ օրինակ, թղթի վրա կային կանաչ տարածքներ, որոնք իրականում գոյություն չունեին։

«Կանաչապատման բնապահպանական մասով մենք որակական էապես այլ մոտեցումներ ենք առաջարկել: Այսինքն մենք կարող ենք նույն բյուջեի սահմաններում ոչ թե, օրինակ, սիզամարգերով կամ պարզապես դեկորատիվ ծաղիկներով պատել տարածքները, այլ իսկապես օգտակար, ենթադրենք մշտադալար թփերով կամ օգտակար ծառատեսակներով», - նշեց Գայանե Մելքոմյանը։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ներկայացրած բյուջեի նախագիծը մեծ դեֆիցիտ ունի՝ շուրջ 2,5 միլիոն դոլար։ Համեմատության համար նշենք, որ Տարոն Մարգարյանի հաստատած 2017 թվականի բյուջեի դեֆիցիտը չէր հասնում 100 հազար դոլարի։

«Դեֆիցիտը 26 անգամ աճել է, և դա ինձ շատ մտահոգեց և ես դրա համար հարց ուղղեցի։ Ուրեմն դեֆիցիտը ձևավորվել է էլեկտրախնայողության վերաբերյալ մի վարկային ծրագրի հետևանքով, քանի որ որպես ծախս պիտի կատարվի այդ ծրագիրը, դա որպես ծախս է արտացոլվում: Բայց այդ վարկային միջոցներից իսկ այդ ծախսը պետք է փակվի», - ասաց «Իմ քայլը» դաշինքի անդամը։