Երեք փոխվարչապետը շռայլություն է, առաջինը կկրճատվի․ Էդուարդ Աղաջանյան

Նորընտիր իշխանությունը երեք փոխվարչապետի պաշտոնը շռայլություն է համարում:

Նորընտիր իշխանությունը երեք փոխվարչապետի պաշտոնը շռայլություն է համարում: Գործադիրում քննարկում են առաջին փոխվարչապետի հաստիքը կրճատելու հարցը: «Ազատությանն» այս տեղեկությունը փոխանցեց կառավարության աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանը:

«Այս պահին փոխվարչապետերի հաստիքների կրճատման հարցը քննարկման փուլում է։ Այո, նաև քննարկվում է երեքի փոխարեն երկու փոխվարչապետ ունենալու և առաջին փոխվարչապետի հաստիքը ընդհանրապես չունենալու տարբերակը։ Կան կարծիքներ, որ երեք փոխվարչապետը, ըստ էության, որոշակի շռայլություն է մեր պետական համակարգի համար», - նշեց Աղաջանյանը։

Գործող կառավարությունում առաջին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնում է Արարատ Միրզոյանը, որը, մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, ղեկավարելու է նորընտիր խորհրդարանը: Մյուս փոխվարչապետերն են Մհեր Գրիգորյանը և Տիգրան Ավինյանը:

«Երկու փոխվարչապետով հնարավոր է նույն գործառույթները իրականացնել», - ընդգծեց կառավարության աշխատակազմի ղեկավարը։

Առաջին փոխվարչապետի հաստիքը ստեղծվեց նախկին իշխանության օրոք, Սերժ Սարգսյանի ընտրվելուց առաջ: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարվեցին և սահմանվեց երեք փոխվարչապետի պաշտոն, մեկը՝ հատուկ կարգավիճակով՝ առաջին փոխվարչապետ: Ժամանակին ընդդիմադիրներն այս փոփոխությունը պայմանավորեցին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի անձով՝ վարչապետի պաշտոնը Սերժ Սարգսյանին փոխանցող Կարապետյանի առավելությունը մյուս երկու փոխվարչապետի նկատմամբ ընդգծելու նպատակով:

«Ընդհանրապես մեր հետհեղափոխական շրջանում, երբ մեր քաղաքական թիմը ստանձնեց իշխանությունը, մենք ականատես եղանք բազմաթիվ շռայլությունների, որը, ինչպես մենք մեր նախընտրական խոստումներում բարձրաձայնել ենք, պատրաստվում ենք շռայլություններից հրաժարվել», - ասաց Էդուարդ Աղաջանյանը։

Առաջին փոխվարչապետի կրճատումը միակ փոփոխությունը չէ: Օպտիմալացվելու են նաև նախարարությունները, ԾԻԳ-երն ու ՊՈԱԿ-ները: Ներկայիս 17 նախարարությունից կմնան 11-12-ը: Իսկ թե որոնք կմիավորվեն, դեռ քննարկման փուլում է:

«Ձեր թույլտվությամբ ես չնշեմ կոնկրետ նախարարություններ, բայց ընդհանուր տրամաբանությունը և կոնցեպցիան նկարագրեմ։ Մեր պատկերացմամբ, նախարարությունների ներկայիս 17 թիվը պետք է դառնա ընդհուպ մինչև 12-11։ Սա ամենևին չի նշանակում, որ այն նախարարությունները, որոնք որ չեն լինի որպես առանձին ստորաբաժանում, որպես առանձին միավոր, իրանք չեն իրականցնի իրենց գործառույթները։ Իրանք ուղղակի գործառույթները կիրականացնեն, որպես որևէ նոր արդեն միացված կամ միաձուլված նախարարության որպես ստորաբաժանում», - նշեց կառավարության աշխատակազմի ղեկավարը։

Գերատեսչությունների օպտիմալացման արդյունքում կադրային կրճատումներն անխուսափելի են: Կառավարության աշխատակազմի ղեկավարը վստահեցնում է, որ իրենց օրակարգից ցավոտ թեման դուրս չի մնացել: Կրճատվող կադրերին այլ աշխատանքի տեղավորելու հնարավոր տարբերակներն էլ են դիտարկում:

«Փորձելու ենք այդ սոցիալակն հետևանքները մեղմացնող, որոշակի դեպքերում նաև վերացնող որոշակի գործառույթներ իրականցնենք, հաշվի առնելով, որ պետությունը այդ թվում նաև սոցիալական պարտակնություններ, պարտավորվածություն ունի քաղաքացիների նկատմամբ։ օրինակ, ավտոմեքենաների կրճատման պարագյում և մինչև Ձեր գալը մենք այդ քննարկմանն էինք հենց մասնակցում, քննարկում էինք ավտոմեքենաների կրճատման պարագայում այդ վարորդների հետագա անելիքը մենք ինչպես ենք պատկերացնում որպես պետություն և տարբեր տարբերակներ էինք քննարկում, սկսած նրանից, որ էն ծառայությունը, որ էդ վարորդները հիմա մատուցում են պետական համակարգի աշխատողներին, նույն ծառայությունը մատուցեն որևէ այլ կազմակերպության մասը լինելով, պայմանականորեն կարող է դա լինել «gg» կամ «Yandex» կամ որևէ այլ ծառայություն», - ընդգծեց Աղաջանյանը։

Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը շրջանառության մեջ կդրվի առաջիկայում, իսկ խորհրդարանում կքննարկվի գալիք տարում: