Հետընտրական տրամադրությունները Լոռու մարզում

Լոռու մարզի Մեծ Այրում գյուղի 81-ամյա բնակիչ Արսեն Կարաբաբայանը գոհ է ընտրությունների արդյունքներից․ իր համար վստահելի քաղաքական ուժը մեծամասնություն կազմեց խորհրդարանում:

Կարաբաբայանը, սակայն, նշում է, որ առաջին անգամ ընտրություններին չի մասնակցել. աչքը ջուր է կտրել, բայց իրեն ու կնոջը ընտրատեղամաս տանող այդպես էլ չի եղել․ - «Հույս ունեի, որ կգան կտանեն: Առաջվա ընտրություններին որ կարացել չեմ գնալ, եկել են տարել: Էս անգամ չեկան: Թե՝ ազատ ընտրություն ա, ուզում ես գնա, ուզում ես գնա ոչ»:

Նա խոստովանում է, որ նախկինում գալիս, ընտրակաշառքը տալիս էին ու տեղամաս տանում։ Վերջին ավելի քան 10 տարիներին առաջին անգամ ընտրակաշառք չի ստացել։ Նախկինում սրտով չի եղել, որ ձայնը վաճառել է, բայց ասում է՝ ընդունված կարգ էր, արել է այնպես, ինչպես բոլորը․ - «Ամեն ընտրություններին էլ փող էին բաժանել: 20-30 հազար տալիս էին․․․ գյուղապետի համար էլ, դեպուտատների համար էլ»:

Լոռու մարզի մեկ այլ համայնքի բնակիչ Մարինե Մուրադյանը ևս չի մասնակցել ընտրություններին։ Չի մանրամասնում, թե ինչու 11 քաղաքական ուժերից որևէ մեկն իր ընտանիքի 6 ընտրողների սրտով չեղան։

Ալավերդի համայնքի Ակներ գյուղական թաղամասի բնակիչն ասում է, որ հույս ունի, թե ինչ-որ բան կփոխվի տեղի ունեցած քաղաքական իրադարձություններից հետո, բայց նայում է ցեխոտ ու անանցանելի ճամփեքին, անձրևաջրերով լվացք անող հարսներին, չգազաֆիկացված ու դատարկվող տներին ու կասկածում, թե հնարավոր է այս բնակավայրում մի բան գլուխ բերել։

«Ի՞նչ պըտի փոխվի․․․ Էս գեղումը մի հետ էլ ա ոչ մի հարց ճիշտ չի լուծվում․․․ Քանի անգամ էկան, ջրեր սարքեցին, մի հետ էլ ա նորմալ չելավ», - ասաց կինը:

Լոռու մարզկենտրոնում Նիկոլ Փաշինյանի հետ հույսեր են կապում: Մի տարեց կին ասաց․ - «Էն մարդը դարդակ տանը էկել ա տղամարդ ա նստել, ի՞նչ տի փոխվի: Հըլա կացի մի տարի, երկու տարի անց կենա, նոր կասենք ինչ ա, ինչ չի»: