Նկարիչների միության նոր նախագահը տրամադրված է միության գործունեությունը համապատասխանեցնել Նոր Հայաստանին

Նկարիչների միության նորընտիր նախագահ Սուրեն Սաֆարյան

Խորհրդային միության փլուզումից հետո տարիներ շարունակ հանրության մեջ անընդմեջ շրջանառվում է ստեղծագործական միությունների գործունեության նպատակահարմարության հարցը:

Անկախության առաջին իսկ տարիներից ստեղծագործական միությունները իրենց իսկ արվեստագետներից շատերի կողմից սկսեցին դիտարկվել իբրև խորհրդային անցյալից մնացած և իրենց դերը սպառած կառույցներ: Փորձեր արվեցին անգամ այս կամ այն միությանը զուգահեռ նոր միություններ ստեղծել: Դրանք, սակայն, տնտեսական ու ֆինանսական բազա, շենք-շինություններ չունենալով, շատ արագ դադարեցրին գործունեությունը, իսկ ստեղծագործական միությունները, պահպանելով խորհրդային տարիներից ժառանգած շինությունները, նաև տարբեր մարզերում գտնվող ստեղծագործական տները, որոշ ֆինանսական միջոցներ՝ վերածվեցին հասարակական կազմակերպությունների և զրկվեցին նախկին պետական ֆինանսավորումից:

Թվում էր, որ հարյուրավոր պահանջատեր անդամներ ունեցող նման կառույց ղեկավարելը ոչ միայն մեծ գլխացավանք պիտի լիներ, այլև շատ մեծ պատասխանատվություն, մեծ բեռ:

Ուշագրավ է, սակայն, որ չնայած այս ամենին, ստեղծագործական որոշ միությունների ղեկավարներ տասնամյակներ շարունակ ամեն գնով փորձեցին պահպանել միության ղեկավարի իրենց դերը՝ պատճառաբանելով, թե եթե ընտրում են, ուրեմն կրկին կարելի է առաջադրվել:

Այսպես, քսան տարի շարունակ Կոմպոզիտորների միությունը ղեկավարեց Ռոբերտ Ամիրխանյանը, որին միության նախորդ համագումարի որոշմամբ փոխարինեց Արամ Սաթյանը:

Նկարիչների միությում քսան տարի՝ 1998 թվականի դեկտեմբերից սկսած, նախագահում էր Կարեն Աղամյանը, որին երկու օր առաջ միության տեղի ունեցած համագումարի ընթացքում այդպես էլ չհաջողվեց ձայների մեծամասնություն ապահովել՝ իր հետագա պաշտոնավարումը շարունակելու համար: Համագումարի մասնակիցների ձայների մեծամանությամբ Նկարիչների միության նոր նախագահ ընտրեց՝ թերևս ոգևովորված այս տարի մեր երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից:

Ինչպես մեր զրույցի ընթացքում նշում էին նկարիչներից շատերը, միության ղեկավար կազմը պիտի անպայման պարբերաբար փոխվի, ինչպես եղել է նախկինում:

Գեղանկարիչ Արմեն Աթանյան․ - «Չի կարող: Լճացված վիճակ ա: Կարող ե՞ք ասել, ինչու վարչապետի համար չի նախատեսվում ցմահ․․․ որովհետև մի քանի տարի հետո լճացվում են, չէ՞, էդ մարդիկ: Սերժ Սարգսյանին ինչի՞ հանեցին»:

Աթանյանն ակնկալում է, որ Նկարիչների միությունում «ճիշտ կառավարման, ճիշտ մեխանիզմների օգտագործմամբ մեր երկրում վերականգնվի նկարչի կերպարը, ստատուսը»․ - «Ցուցահանդեսներ չեք կազմակերպում, ընդամենը տրամադրում եք դահլիճ, տարածք․․․ Իսկ ցուցահանդես անելը նկարչի համար կենսական խնդիր ա, որովհետև եթե նկարիչը ցուցահանդես չի անում, հոգեպես մահանում ա»:

Միության նոր նախագահը՝ երիտասարդ գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանն իր գաղափարակից գործընկերների հետ միության գործունեությունը վերափոխելու, առավել բաց, թափանցիկ, մեր օրերի նոր Հայաստանին համապատասխանեցնելու մի շարք ծրագրեր ունի և դրանք անպայման իրականացնելու վճռականություն:

Նա նույնպես համոզված է, որ չի կարելի տասնամյակներ շարունակ անընդմեջ ղեկավարել միությունը․ - «Առավելագույնը՝ երկու ժամկետով»: