Դեկտեմբերի 2-ին մահացած 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի դուստրը՝ Անահիտ Ղուկասյանը տուժողի իրավահաջորդ է ճանաչվել: Ծայրաստիճան աղքատության մեջ ապրող ընտանիքի ներկայացուցիչներն են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, գրասենյակի փաստաբաններ Հայկ Հակոբյանը և Արայիկ Զալյանը:
Փաստաբանները «Ազատությանը» փոխանցեցին, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող, 1995 թվականի ծնված Ա․ Ռ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդված 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը: Այս հոդվածը նախատեսում է 5-10 տարի ժամկետով ազատազրկում:
Գլխավոր դատախազությունը օրեր շարունակ չի հայտնում կալանավորված զինծառայողի անունը, նաև՝ թե որտեղ է նա պահվում: Այսօր, սակայն, զինծառայողի շահերի պաշտպան Նարինե Ռշտունին հաստատեց օրեր շարունակ շրջանառվող տեղեկությունը, որ իր պաշտպանյալը չի հանձնվել հայաստանյան իրավապահներին և պահվում է ռուսական ռազմաբազայի տարածքում:
Զինծառայողը ձերբակալվել էր դեկտեմբերի 10-ին՝ դեպքից միայն 8 օր անց: Ջուլիետա Ղուկասյանը հարձակման ու դաժան ծեծի էր ենթարկվել առավոտյան ժամը 7-ին աշխատանքի գնալու ճանապարհին տնից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:
Փաստաբան Նարինե Ռշտունին այսօր «Ազատությանը» հայտնեց, որ արդեն հանդիպել է իր պաշտպանյալի հետ, նաև քննչական գործողությունների մասնակցել, թեև չհստակեցրեց որտեղ՝ ռազմաբազայի տարածքո՞ւմ, թե՞ դեպքի վայրում:
Ծանր հանցանք կատարելու մեջ մեղադրվող ռուս զինծառայողին ռուսական ռազմաբազայում պահելը հայաստանյան իրավապաշտպանները հայ-ռուսական պայմանագրի խախտում են որակում:
«Սա հերթական անգամ հանդիսանում է հայ-ռուսական միջպետական պայմանագրի դրույթների կոպիտ խախտում, որի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ հանցավոր գործողություն կատարած ռուսական բազայի զինծառայողի նկատմամբ քրեական գործը ոչ միայն պետք է վարի Հայաստանի Հանրապետության քննչական մարմինը, այլ նաև անձը պետք է գտնվի Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հսկողության ներքո», - ասում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը:
Գլխավոր դատախազությունից այսօր ևս հրաժարվեցին դեպքի մասին հավելյալ մանրամասներ հայտնել: