Հեղափոխությունից հետո դատական համակարգի անկախությունը երաշխավորված է․ Արտակ Զեյնալյան

Արտակ Զեյնալյանը դեռ չգիտի՝ նոր կառավարության ձևավորումից հետո կշարունակի՞ արդյոք զբաղեցնել Արդարադատության նախարարի պաշտոնը, թե՞ 8 ամսվա աշխատանքից հետո հրաժեշտ կա ոլորտին։ Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում նախարարի պաշտոնակատարը չշտապեց կանխատեսումներ անել, ասաց՝ սպասենք, առաջիկայում ամեն ինչ պարզ կդառնա։

«Նախարարի պաշտոնը և կառավարության անդամի պաշտոնը քաղաքական պաշտոն է, և դա մեծապես պայմանավորված է մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի, վարչապետի հայեցողությամբ», - ընդգծեց Զեյնալյանը։

Ու քանի դեռ նոր կառավարություն չի ձևավորվել, նախարարի պաշտոնակատարը ներկայացնում է մայիսից նոյեմբեր ոլորտում իրականացված բարեփոխումները։ Դրանցից ամենահիշվողը, թերևս, համաներման մասին օրենքն է։ Այսօրվա դրությամբ քրեակատարողական հիմարկներից ազատ է արձակվել 550 դատապարտյալ։

Համաներումը տարածվել է նաև «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների վրա։ Նրանցից Հայկ Կյուրեղյանը, սակայն, օրերս հայտարարել էր. - «Հայաստանում այս պահին կա երկու քաղբանտարկյալ։ Նրանք են «Սասնա ծռեր»-ի կալանքի տակ գտնվող երկու անդամները՝ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը»։ Վերջիններս, հիշեցնենք, մեղադրվում են Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի գրավման ժամանակ զոհված երեք ոստիկանի սպանության մեջ։

«Ազատության» այս դիտարկմանը նախարարի պաշտոնակատարն արձագանքեց. - «Կարծում եմ, որ ոչ, նրանք քաղաքական բանտարկյալներ չեն: Եթե համաներման մասին օրենքը, անշուշտ, վստահ եմ, շատ լավ գիտեք, բացառություն է կատարված սպանության համար դատապարտվածների մասով։ Մարդիկ են սպանվել, և Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է որպես կյանքի իրավունքի երաշխավոր նաև ապահովել արդյունավետ քննությունը, իսկ դրա բաղադրատարրերից է հանդիսանում նաև բացահայտումը գործի և մեղավորներին պատժելը, արդարացի, համաչափ պատիժ նշանակելը նրանց նկատմամբ»։

Զեյնալյանը նաև պնդեց՝ հեղափոխությունից հետո ձևավորված կառավարության օրոք դատական համակարգի անկախությունը եղել է երաշխավորված։ Իսկ այն կարծիքների առնչությամբ, թե ԱԱԾ ու ՀՔԾ պետերի գաղտնալսումներից երևում է, որ նրանք ուղղորդում են դատավորներին, Զեյնալյանն ասում է՝ այդ ձայնագրությունները հետապնդում են կոնկրետ նպատակ, հետևաբար՝ շանտաժ են ու ահաբեկչություն։

«Այս կառավարության գործունեության ընթացքում եղել են բազմաթիվ դատական ակտեր, որոնք չեն բավարարել և չեն գոհացրել, ասենք, կալանքի միջնորդություն ներկայացրած մարմնին։ Դատարանը անկախ է, և նաև դատական ակտերը կարող են չգոհացնել պետական մարմիններին և պաշտոնատար անձանց, իսկ այդպիսի դեպքեր հիմա շատ կան ու շատացել են, ավելի կշատանան, և հավասարակշռությունը աստիճանաբար պետք է վերականգնվի», - նշեց Արդարադատության նախարարի պաշտոնակատարը։

Օրերս գերատեսչության ղեկավարը եղել է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ պահվում են նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու անձեռմխելիությունից զրկված ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը։ Զեյնալյանն այսօր չբացեց փակագծերը, թե արդյո՞ք տեսակցել է նրանց։ Միայն ասաց՝ հանդիպել է «Հոկտեմբերի 27»-ի գործով մեղադրյալ Նաիրի Հունանյանի հետ, խորհուրդ է տվել զբաղվել սպորտով։

«Նրան տեսել եմ խցում, խոսել եմ, առանձնազրույց եմ ունեցել։ Սրա վերաբերյալ կարող եմ հայտարարել՝ իրավունք ունեմ», - ասաց Արտակ Զեյնալյանը։

Քրեակատարողական հիմնարկներում քնելու համար դատապարտյալներն այլևս հերթ չեն կանգնում, խցերում էլ վերանորոգում չեն անում սեփական միջոցների հաշվին՝ քննադատողներին հակադարձեց Արդարադատության նախարարի պաշտոնակատարը։

«Ես վստահ եմ՝ դուք չեք մտածում, թե մենք, շատ ներողություն այս բառի համար, «լևի» դատապարտյալ ենք պահում։ Մենք ունենք լրակազմ՝ քանի հոգի կարող է պահվել տվյալ քրեակատարողական հիմնարկում և քանի դատապարտյալ ունենք», - ընդգծեց Զեյնալյանը։

Դեկտեմբերի 16-ի դրությամբ կալանավորվածները 954-ն են, դատապարտյալներն էլ՝ 1347-ը։

Ըստ նախարարի պաշտոնակատարի, վերջին 10 տարվա մեջ առաջին անգամ՝ այս տարի պետբյուջեից հատկացվել է 270 միլիոն դրամ, որ կապիտալ վերանորոգվեն «Նուբարաշեն», «Վարդաշեն» ու «Սևան» ՔԿՀ-ների կոյուղու համակարգերը։ Դրանից ծախսվել է ընդամենը 170 միլիոնը, իսկ 100 միլիոնը վերադարձվելու է պետբյուջե։