Գարեգին Երկրորդն ընդունել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը քարոզարշավի ժամանակ, արխիվ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամներին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, հանդիպմանը կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին է ներկայացրել 7-րդ գումարման խորհրդարանում իրենց խմբակցության անդամներին, անդրադարձել կուսակցության քաղաքական հայացքներին ու դավանած ավանդական քրիստոնեական արժեքներին` նշելով, որ առջևում կան շատ անելիքներ և այդ իմաստով մեծ պատասխանատվություն է դրված նորընտիր Ազգային ժողովի ուսերին:

Մարուքյանը կարևորել է Հայոց Հայրապետի օրհնությունը` ընդգծելով, որ խմբակցության գործունեության մեջ նաև կարևոր տեղ պետք է հատկացվի ինչպես Հայաստանում, այնպես և նրա սահմաններից դուրս գտնվող հարուստ քրիստոնեական ժառանգության պահպանության խնդիրներին:

Գարեգին Երկրորդը ողջունել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներին և իր բարեմաղթանքերը փոխանցել: Վեհափառ Հայրապետը շնորհավորել է խորհրդարանականներին նաև ձեռք բերած վստահության քվեի համար։

Երկրի առջև ծառացած մարտահրավերների, դժվարությունների և խնդիրների հաղթահարման գործում, որոշումների կայացման մեջ իբրև զորության և ներշնչման ոգու աղբյուր Հայոց Հայրապետը նկատել է անցյալի հետ հաղորդակցությունը, կարևորել ազգային ժառանգության ճանաչողությունը և կապը պատմության հետ:

Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ օրինաստեղծ գործունեությունը կխարսխվի այն ավանդների և արժեհամակարգի վրա, որոնք դարեր շարունակ ուժ են տվել մեր ժողովրդին` հաղթանակելու, դիմագրավելու դարերի փորձությունները և վերապրելու պատմության բոլոր օրհասական պահերը:

Գարեգին Երկրորդը պատասխանել է նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին եկեղեցական կյանքի մարտահրավերներին, հոգևոր ժառանգության պահպանության խնդիրներին և Եկեղեցի-պետություն հարաբերություններին: Վերջինիս առնչությամբ Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ Հայոց Եկեղեցին ինչպես պատմության ընթացքում, այնպես և այսօր շարունակելու է սատարել հայրենի պետությանը, որպեսզի հայոց ողջ ներուժի համախմբմամբ, սիրո և միաբանության մեջ, նվիրյալ և ազգաշեն ծառայությամբ կյանքի կոչվի աշխարհասփյուռ մեր ժողովրդի` լուսավոր Հայրենիք ունենալու տեսլականը:

Նշենք, որ դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի և «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։