7-րդ գումարման Ազգային ժողովը կունենա 132 պատգամավոր։ Անցողիկ շեմը հաղթահարած երեք կուսակցությունները մանդատները կկիսեն հետևյալ կերպ՝ «Իմ քայլը» դաշինքը ստանում է 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 26, «Լուսավոր Հայաստան»-ն էլ՝ 18 մանդատ։
Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 59 հազար 83 ձայն, կամ ձայների 4,70 տոկոսը։ «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության օգտին քվեարկել է 8 հազար 514 մարդ, կամ քվեարկողների 0,68 տոկոսը։ ՀՅ Դաշնակցությունը ստացել է 48 հազար 816 ձայն, կամ ձայների 3,88 տոկոսը, «Իմ քայլը» դաշինքը՝ 884 հազար 864 ձայն, կամ ձայների 70, 42 տոկոսը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 80 հազար 047 ձայն, կամ ձայների 6,37 տոկոսը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը՝ 6 հազար 458 ձայն, կամ ձայների 0,51 տոկոսը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 4 հազար 121 ձայն, կամ ձայների 0,33 տոկոսը, «Մենք» դաշինքը՝ 25 հազար 176 ձայն, կամ ձայների 2 տոկոսը, «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ 12 հազար 393 ձայն, կամ ձայների 0,99 տոկոսը, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը՝ 22 հազար 868 ձայն, կամ ձայների 1, 82 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 103 հազար 801 ձայն, կամ ձայների 8,26 տոկոսը։
Այսօր կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց դեկտեմբերի 9-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններին արդյունքներն ու բաժանեց պատգամավորական մատդատները։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի 88 մանդատներից 4-ը պատկանում են ազգային փոքրամասնություններին՝ տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյան։ Ըստ այդմ՝ խորհրադարնում կապահովվի նաև եզդիական, քրդական, ռուսական ու ասորական համայնքների անդամների ներկայությունը։ Այսօր ԿԸՀ բաժանեց նաև համամասնական և տարածքային ընտրական ցուցակներին տրվող մանդատները։
Մանդատները բաշխված են, բայց պատգամավորներին գրանցել հանձնաժողովում դեռ չեն շտապում։ Օրենքը նախատեսում է՝ ընտրությունների վերջնական արդյուքները կարող են բողոքարկվել նաև սահմանադական դատարանում, դրանց հրապարակումից հետո հնգօրյա ժամկետում։ Մինչև դեկտեմբերի 21-ը ժամը 18:00-ն ԿԸՀ-ում կսպասեն, միայն դրանից հետո, եթե որևէ քաղաքական ուժ չգնա Սահմանադրական դատարան, ապա հանձնաժողովում կրկին նիստ կգումարեն, ԱԺ կազմավորված կճանաչեն, նաև կհայտարարեն նոր խորհրադրանի առաջին նիստի օրը։
Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց՝ նախորդ 1 շաբաթվա ընթացքում 57 ընտրատեղամասերում եղել են վերահաշվարկներ։ Դրանցից 35-ում նախնական արդյունքները չեն փոփոխվել, իսկ 22-ում՝ փոփոխությունները եղել են աննշան՝ կապված վավեր ու անվավեր քվեաթերթիկների հետ։ Համադրելով թվերը, հանձնաժողովի նախագահն արձանագրեց՝ ընտրությունների նախնական արդյունքները վերահաշվարկներից հետո չեն փոփոխվել։
Միայն 16/3 ընտատեղամասում ձայների վերահաշվարկի ժամանակ է խախտում արձանագրվել։ Արմավիր քաղաքում առաջադրված «Լուսավոր Հայաստան» կուսակցության ռեյտինգային թեկնածուներից մեկի օգտին քվերակած 44 քվերաթերթիկները հաշվարկվել են նույն կուսակցության, բայց իրականում ընդամենը մեկ ձայն ստացած մեկ այլ թեկնածուի օգտին։ Այս մասին ԿԸՀ-ն արդեն հաղորդում է ներկայացրել դատախազություն։
Տիգրան Մուկուչյանը նաև նշեց՝ նախորդ 7 օրերին հանձնաժողովը չի ստացել որևէ դիմում ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու համար։ Դիմում-բողոքներ չեն եղել նաև այլ անձի փոխարեն քվեարկելու մասին, այն բանից հետո, երբ սքանավորվեցին ու հրապարակվեցին ընտրողների ստորագրված ցուցակները։