Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը Հայաստանի քաղաքական ղեկավարությունից աշխատանքի փոփոխության առաջարկ չի ստացել։ Այդ մասին նա հայտարարեց այսօր Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Մամուլը վերջերս գրում էր, որ հնարավոր է՝ Վանեցյանը զբաղեցնի առաջին փոխվարչապետի պաշտոնը։
«Ես հատուկ ծառայությունների գնդապետ եմ և քաղաքականությամբ զբաղվել չեմ ուզում», - շեշտեց ԱԱԾ տնօրենը: «Հաճելի է, որ վարկանիշս բարձր է, բայց և մեծ պատասխանատվություն է։ Վարկանիշս բարձրացավ թավշյա հեղափոխությունից հետո, այդ համատեքստում ձեռք բերվեց այն», - ընդգծեց նա:
ԱԱԾ տնօրենը վստահեցրեց՝ Հայաստանում այսօր համակարգված կոռուպցիա չկա:
Հարցին՝ արդյոք ԱԱԾ-ն զբաղվո՞ւմ է իր ընտանիքի անդամների օֆշորային բիզնեսներով, մասնավորապես՝ հորեղբոր կնոջ, Արթուր Վանեցյանն արձագանքեց․ - «Այո, Զեմֆիրա Վանեցյանն իմ հորեղբոր կինն է, որը Հայաստանում չի բնակվում 1988-89 թվականներից, ինքը տնտեսական գործունեությամբ չի զբաղվում։ Այդ ընկերությունը եղբորինս է, որ Հայաստանում չի բնակվում և Հայաստանի քաղաքացի դարձել է այս տարի հեղափոխությունից հետո, ինքը հիմա Երևանում է։ Օֆշորային գործունեությունը հանցագործություն չէ, ինձ չի վերաբերում օֆշորը, և անձամբ ես բիզնես չունեմ։ Եղբայրներս` Կարեն և Արմեն, զբաղվում են բիզնեսով դրսում»:
Արցախում պաշտպանության նախարարի փոփոխության վերաբերյալ Հայաստանի ԱԱԾ տնօրենը ասաց, որ նախարարի պաշտոնում Լևոն Մնացականյանին փոխարինած Կարեն Աբրահամյանը տիրապետում է բանակի բոլոր անհրաժեշտ հմտություններին:
«Լևոն Մնացականյանի այլ աշխատանքի անցնելը բնական եմ համարում», - նշեց Վանեցյանը՝ ընդգծելով, որ նոր նախարարը «իր անցած ուղիով շատ մեծ գործ է արել Արցախի պաշտպանության հարցում»:
Այս ամիս Պրահայում հայտնաբերված՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի գործի առնչությամբ ԱԱԾ տնօրենը հայտնեց, որ իրականացված փորձաքննությունը հաստատել է՝ կտավները պատկանում են Մարտիրոս Սարյանի վրձնին:
Նարեկ Սարգսյանը հետախուզման մեջ էր ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով հարուցված քրեական գործով: Բացի այդ, ԱԱԾ-ն հաղորդում է ստացել այն մասին, որ դեռևս 2013 թվականին Նարեկ Սարգսյանը, չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի 14 գծանկարները, իսկ հետո, անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները, հրաժարվել էր վերադարձնել դրանք։
Արթուր Վանեցյանը ասաց՝ հայտնի չէ, թե ինչպես է նախկին նախագահի զարմիկը ձեռք բերել Գվատեմալայի անձնագիր: Նարեկ Սարգսյանը առաջիկայում կվերադառնա Հայաստան և կկանգնի դատարանի առաջ, վստահեցրեց ԱԱԾ տնօրենը:
«Կոնգրես» հյուրանոցի գործի առնչությամբ Վանեցյանը հայտնեց, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարցաքննվել է, նա վկայի կարգավիճակ ունի: Այս դեպքով քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի հատկանիշներով՝ «փողերի լվացում»: Քրեական գործի շրջանակներում մեղադրյալներ չկան։
Սեպտեմբերին կայացած ասուլիսի ժամանակ Ազգային անվտանգության տնօրենը հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանը «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերել 6 միլիոն դոլար կաշառքի դիմաց:
Արթուր Վանեցյանի բացառիկ հարցազրույցը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարին կարող եք դիտել վաղը՝ դեկտեմբերի 16-ին