Մայր Աթոռում հանդիպել են Ամենայն Հայոց կաթողիկոսն ու վարչապետի պաշտոնակատարը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։

Կառավարության կայքէջի հաղորդմամբ՝ Գարեգին Բ-ն շնորհավորել է Փաշինյանին «ընտրությունների բարեհաջող կազմակերպման, անցկացման և «Իմ քայլը» դաշինքի արձանագրած տպավորիչ արդյունքների համար»:

«Մեր ժողովուրդը վերստին իր վստահությունն արտահայտեց Ձեր նկատմամբ, հույսով, սպասումով ու ակնկալիքներով իր առաջընթաց, իր ապահով ու խաղաղ կյանքի: Վստահ ենք, որ մեր ժողովրդի այս բարձր գիտակցությունը պետք է զորացնի ազգի յուրաքանչյուր անհատին՝ իր ջանքերն անվերապահորեն ներդնելու հայրենիքի շինության, հայրենիքի առաջընթացի նվիրական և սուրբ գործին: Մեր եկեղեցին նույնպես իր բոլոր ջանքերն ի գործ պետք է դնի ազգային միաբանության զորացման, մեր ժողովրդի ներուժի համախմբման և այն բոլոր հնարավորությունների օգտագործման, որոնցով պետք է կարողանանք նաև արձանագրել մեր կյանքի հաջողությունները», - ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը։

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների, մաղթանքների և ջերմ խոսքերի համար՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը թևակոխել է կարևոր փուլ:

« Կարևոր եմ համարում ընդգծել, որ տեղի ունեցող փոփոխությունները լուրջ արժեքային հիմք ունեն և ամենակարևոր արժեքը, որ պետք է մեր կյանքում դառնա առօրեական՝ հարգանքն է ուրիշների, ինչպես նաև սեփական իրավունքների նկատմամբ, որովհետև, կարծում եմ, որ շատ կարևոր է, որպեսզի մարդը կարողանա հետևողական լինել իր իրավունքներին, ինչը նաև պետք է հանգեցնի ուրիշների իրավունքների նկատմամբ հարգանքի: Քաղաքացիական, քաղաքական, և ընդհանրապես անհատական փոխադարձ հարգանքի միջավայրն ամենակարևոր բանն է և կարևոր է, որ այն մեր երկրում ամուր արմատներ ձգի: Ընդհանուր առմամբ, մեր երրորդ հանրապետության պատմության մեջ հաճախ է պատահել, երբ ժողովրդավարությունը շփոթել են ամենաթողության հետ, ժողովրդավարությունը շփոթել են թուլության հետ, կամ քաղաքավարությունն են շփոթում թուլության հետ: Ի դեպ, ասեմ, որ դա շարունակվում է, և մենք հույս ունենք, որ այդ արժեքների փոփոխությունն առաջին հերթին տեղի կունենա: Փոխադարձ հարգանքը, ազատությունների հարգումը և մեր հավաքական օրակարգի ու շահերի գիտակցումն է այն կարևոր անելիքը, որ մենք առաջիկայում պետք է իրականացնենք, որովհետև իսկապես սա մի շրջափուլ է, որտեղ անհատական նպատակները պետք է մինչև վերջ դուրս շպրտվեն մեր ընկալումներից և գիտակցումներից: Պետք է առաջ գան ազգային, պետական, հանրային նպատակները և ի վերջո պետք է տեղի ունենա ծառայություն հանուն այդ նպատակների, և մենք տրամադրված ենք հենց այդպես», - կառավարության կայքէջի հաղորդմամբ՝ ասել է Փաշինյանը։