Ալավերդու պղնձաձուլարանի աշխատողների պայմանագրերի լուծարումը հետաձգել ևս երկու ամսով

«Վալլեքս» ընկերությունների խումբը որոշել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատողների աշխատանքային պայմանագրերի լուծարումը հետաձգել ևս երկու ամսով։

Ընկերությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ նշված է. - «Նկատի ունենալով, որ ներկայում Ընկերության ղեկավարությունը Կառավարության շահագրգիռ մասնակցությամբ շարունակում է Ալավերդիում պղնձաձուլական գործունեությունը վերականգնելու, նոր ու անվտանգ գործարան կառուցելու ուսումնասիրությունները, կարևորելով աշխատատեղերի պահպանման կենսական նշանակությունը՝ «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահի հանձնարարականի հիման վրա Ընկերության աշխատողները կստանան նոր ծանուցումներ՝ աշխատանքային պայմանագրերը 2019 թվականի փետրվարի 28-ից լուծարելու մասին»:

Հոկտեմբերի 19-ին գործարանը կանգնեցնելուց հետո ավելի քան 500 աշխատողներ ծանուցումներ էին ստացել դեկտեմբերի 24-ից հետո 5 օրվա ընթացքում աշխատանքից ազատվելու մասին։

Գործարանի արհմիության նախագահ Ալբերտ Բաբաջանյանն «Ազատությանն» ասաց, թե աշխատողներն անորոշության մեջ էին․ - «Էս հայտարարությունից հետո շատ դրական ընդունվեց, որովհետև մարդիկ ոչ մի տեղեկություն չունեին: Բայց գիտեին, որ բանակցությունները շարունակվում էին: Առայժմ դրական էմոցիաներ ունեն, բայց հետոյի մասին չեմ կարող ասել»:

Հարցին, թե արդյոք հնարավոր կլինի վերագործարկել երկար ժամանակ չաշխատած վառարանը, Բաբաջանյանը պատասխանեց․ - «Անպայման կլինի: Երևի ժամանակի հարց ա, բայց կլինի»:

Գործարանը ՎՏԲ բանկում գրավադրված է «Վալլեքս» ընկերության խոշոր վարկի դիմաց, և ընկերության չկատարած պարտավորությունների հետևանքով այն կարող է անցնել բանկին։

380 միլիոն դոլարի պարտքի պատճառով ընկերությունն արդեն կորցրել է Թեղուտի հանքավայրը։

Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից «Ազատությանը» փոխանցեցին, որ դեռևս շարունակվում են «Վալլեքս» ընկերության, ՎՏԲ բանկի և կառավարության միջև բանակցությունները գրավադրված գործարանի շահագործումը երկարաձգելու ուղղությամբ՝ մինչև հայ-չինական համագործակցությամբ նոր ու ժամանակակից գործարանի կառուցումը։ Գործադիրից այլ մանրամասներ չհայտնեցին:

Նշենք, որ այժմ գործարանի աշխատակիցների մի մասն իրականացնում են արտադրամասերի ու սարքավորումների պահպանության գործառույթներ։ Մյուս հիմնական մասը վաձատրվում է աշխատավարձի երկու երրորդի չափով։

Թեև աշխատակիցներն անհամբեր սպասում են գործարանի վերագործարկմանը, Ալավերդու բնակիչներից շատերը կշեռքի նժարին են դնում ինչպես պղնձաձուլարանի, այնպես էլ Թեղուտի հանքավայրի օգուտներն ու վնասները:

«Թող փագած ման էդ զավոդն էլ, Թեղուտն էլ: Էս քորփեքը ինչո՞վ են մեղավոր: Ամբողջ Ալավերդին ռակով ա տառապում», - վրդովված ասաց ալավերդցի մի կին: