Բրիտանական քննչական մարմինը սառեցրել է ադրբեջանական կեղտոտ փողերի լվացմանն առնչություն ունեցող մի քանի միլիարդ դոլարի բանկային հաշիվներ: Հետաքննող լրագրողները պարզել են, որ այդ սխեմաներով գումարներ են փոխանցվել Բրիտանիայում գրանցված չորս խոշոր կեղծ ընկերությունների, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
Միացյալ Թագավորության Հանցավորության դեմ պայքարի գործակալության տվյալներով՝ հաշիվների սառեցման օրդերը առաջին քայլն է, որ առնչվում է այսպես կոչված «ադրբեջանական լվացքատանը»: Օրդերը քննիչներին թույլ կտա կասկածների առաջացման դեպքում անհապաղ սառեցնել հաշիվները:
Բրիտանական քննչական մարմինը, սակայն, չի բացահայտում, թե արդյոք այդ սառեցումը կապված է Կոպենհագենում գրանցված Danske Bank-ի հետ, որը սկանդալի կենտրոնում է հայտնվել 200 միլիարդ եվրո լվանալու պատճառով:
Անցյալ տարի Հետաքննող լրագրողների կոնսորցիումը ծավալուն զեկույց էր հրապարակել «ադրբեջանական լվացքատան» մասին, ըստ որի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքն ու նրանց մերձավորները մի քանի տարվա ընթացքում այդ բանկի էստոնական մասնաճյուղի միջոցով շուրջ 3 միլիարդ դոլար են օրինականացրել, որը հետագայում ծախսվել է եվրոպացի ազդեցիկ պաշտոնյաներին, քաղաքական գործիչներին, լրագրողներին ու գործարարներին կաշառելու նպատակով: