Մոսկվան տրամադրված է կառուցողական երկխոսության Հայաստանի նորընտիր խորհրդարանի ու նոր ձևավորվելիք կառավարության հետ, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
«Մենք տրամադրված ենք կառուցողական երկխոսության՝ մեր երկրների միջև փոխազդեցության, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում հարաբերությունների ամրապնդման համար», - հայտարարել է Մարիա Զախարովան:
Անցած կիրակի տեղի ունեցած ընտրություններից հետո ԱՄՆ, ԵՄ-ն շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանին՝ ընդգծելով, որ պատրաստ են աշխատել ժողովրդավարական պայմաններում ընտրված նոր խորհրդարանի և ապագա կառավարության հետ: Ռուսաստանի իշխանություններից առայժմ շնորհավորական ուղերձի մասին չի հաղորդվել:
Անցած տարվա խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը, մինչդեռ, Ռուսաստանի նախագահը շնորհավորական ուղերձ էր հղել Սերժ Սարգսյանին՝ ընդգծելով. - «Ժողովրդական քվեարկության արդյունքները լիովին հաստատեցին այն լայն վստահությունը, որ Դուք և Ձեր ղեկավարած կուսակցությունը վայելում են Հայաստանի քաղաքացիների շրջանում»: