ՊՊԾ գնդում զոհված ոստիկանի հայրը պնդում է, որ որդուն «Սասնա ծռերը» չեն սպանել

Արխիվ ֊֊ ՊՊԾ գնդի գրավման օրերին զոհված Յուրի Տեփանոսյանի հուղարկավորությունը, 1֊ը օգոստոսի, 2016թ.

Այսօր «Սասնա ծռերի» գործով հերթական դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում 2016-ին ՊՊԾ գնդի գրավման օրերին զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը, հայտարարեց, որ փաստեր ունի և դատարանում կապացուցի, որ իր որդուն սպանել են ոստիկաններ և ոչ թե «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները։

«Սերժ Սարգսյանը կանչել ա Գասպարյան Վովային, ասել ա՝ մի զոհ է պետք, որ գցեն «Սասնա ծռերի» վրա ու շտուռմ անեն», ֊ կարծիք հայտնեց նա։

Տեփանոսյանի այրին չի կիսում ամուսնու հոր կարծիքը։ ֊ «Մինչև վերջ պայքարելու եմ, ինչ ունեմ֊չունեմ կծախեմ՝ մենակ արդարությունը վերականգնվի», ֊ նշեց նա։

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը «Ազատության» հետ զրույցում արձագանքեց սպանված Յուրի Տեփանոսյանի կնոջ հնչեցրած մեղադրանքներին. ֊ «Մենք պետք է թողնենք ընտանիքի անդամներին հանգիստ և հասկանանք, թե ինչ է կատարվել։ Բոլորը այստեղ զոհեր են»։

Համաներումը չի վերաբերում ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի, Գագիկ Մկրտչյանի և Արթուր Վանոյանի սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանին և Արմեն Բիլյանին: Այն տարածվում է խմբի մյուս անդամների վրա, որոնք կալանքից ազատված են, բայց եթե առաջիկա նիստերում տուժածների հարազատները դատարանում առարկեն համաներման կիրառմանը, ապա այն ի կատար չի ածվի։